Հրամանագրման համար առաջին կուրսեցիները պետք է վճարում կատարեն. պարզաբանում

vcharum

  2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո` 2020 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրով մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում են ստացել շուրջ 7000 ուսանողներ: Նրանցից շուրջ 4000-ը մարտական գործողությունների մասնակից ուսանողներ են, մնացածը` պատերազմի մասնակիցների ուսանող զավակներ, կին կամ ամուսին:

Ծրագիրը շարունակական է, և ուսումնական տարվա մեկնարկին զուգընթաց՝ սկսվել է այն ուսանողների տվյալների հավաքագրումը, որոնք մարտական գործողությունների մասնակից են, զորացրվել են ամռանը և այժմ պետք է վերականգնեն իրենց ուսանողական իրավունքները: ԿԳՄՍ նախարարությունում հավաքագրված նախնական տվյալների համաձայն` մարտական գործողությունների մասնակից մոտ 1200 ուսանողներ, որոնք ժամանակին հրամանագրվել և բուհի հետ պայմանագիր են կնքել, սեպտեմբերից վերականգնել են ուսանողական իրավունքները և կարող են դառնալ ուսման վարձի փոխհատուցման ծրագրի շահառու` մարտական գործողությունների մասնակցությունը հավաստող փաստաթղթերը ներկայացնելով համապատասխան բուհ: Նրանք էլ, որոնք բանակ զորակոչվելուց առաջ ընդունվել են բուհ կամ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, սակայն չեն հրամանագրվել (կցագրված ուսանողներ), ծրագրի շահառու դառնալու համար նախ պետք է հրամանագրվեն համապատասխան բուհի կամ ՄԿՈՒ հաստատության կողմից:

ԿԳՄՍ նախարարության հավաքագրած նախնական տվյալներով՝ կցագրված, այսինքն՝ մինչև բանակ զորակոչվելն ընդունված, սակայն չհրամանագրված առաջին կուրսեցիների թիվը շուրջ 150 է: ԿԳՄՍ նախարարությունը վերջին օրերին ստանում է բազմաթիվ զանգեր, որ բուհերը հրամանագրելու համար առաջին կուրսերի բոլոր ուսանողներից, այդ թվում՝ նաև մարտական գործողությունների մասնակիցներից պահանջում են վճարել ուսման վարձը: ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը, պարզաբանելով խնդիրը, նշում է, որ հրամանագրվելու և ուսանողի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է ուսման վարձի որոշակի մասը վճարել:

«Բուհերը, հաշվի առնելով օրենքի պահանջը, բոլոր առաջին կուրսեցիներից կարող են ուսման վարձի վճարումներ պահանջել, ինչը և արվել է: Այն գումարը, որն այժմ նրանք կվճարեն, փոխհատուցման ծրագրի շահառու դառնալուց հետո կդիտվի որպես երկրորդ կիսամյակի վարձավճար»,- նշում է Լուսինե Գրիգորյանը:

Ընդգծելով, որ վճարած գումարը հետագայում որպես հաջորդ կիսամյակի համար վճարված վարձ է դիտվելու, վարչության պետի տեղակալը վստահեցնում է, որ առաջին կուրսեցիները հրամանագրվելու համար կարող են վճարել մեկ ամսվա գումար (մեկ կիսամյակի վարձը բաժանած տվյալ կիսամյակի ամիսների վրա): Կա նաև հետվերադարձի մեխանիզմ` այն դեպքում, երբ ուսանողը հետագայում չի շարունակի ուսումնառությունը կամ կստանա անվճար կրթության իրավունք որևէ այլ հիմքով:

Լուսինե Գրիգորյանի խոսքով` պետությունը մարտական գործողությունների մասնակից ուսանողների մեկ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցելու պարտավորություն է ստանձնել, որն իրականացվելու է լիովին: Ուսումնառության հետագա ընթացքում ևս մարտական գործողությունների մասնակիցների համար ուսման վարձի արտոնություններ են նախատեսված, ինչն ամրագրված է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում 2021 թվականի ամռանը կատարված փոփոխությամբ:

Կախված առաջադիմությունից` ըստ միջին որակական գնահատականի (ՄՈԳ) միավորի, նրանք կարող են ստանալ 50-70 տոկոս զեղչ: ՄՈԳ-ի միավորների բարձրացմանը զուգահեռ՝ զեղչի տոկոսները կավելանան: Համապատասխան կարգն այժմ հաստատման փուլում է, ընդունվելուց հետո այն տարածվելու է 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Միաժամանակ հաշվի առնելով, որ 2020 թվականին բանակ զորակոչվածները դեռ չեն զորացրվել, մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցման ծրագիրը կշարունակվի նաև 2022 թվականին:

 

a1plus.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…