Գործադիրը փոփոխություն է առաջարկում «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում

Popoxutyun

 ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հոկտեմբերի 21-ի նիստում քննարկել է ««ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ նախաձեռնության ընդունումը պայմանավորված է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանելու նպատակահարմարությամբ:

Ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին:

Տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցությունն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման, արտահանման և ներմուծման ծավալների, ինչպես նաև տեղական և օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա:

Էկոնոմիկայի նախարարության կողմից փորձ է արվել գնահատել տնտեսության և առանձին ճյուղերի վրա 5 հանգստյան օրերի՝ որպես աշխատանքային օրեր սահմանելու ազդեցության չափը:

Գնահատման արդյունքներով՝ համախառն ներքին արդյունքը կավելանա 123 մլրդ դրամով, որից առևտրրի թողարկումը կավելանա 47.5 մլրդ դրամով, արդյունաբերության թողարկումը՝ 35.4 մլրդ դրամով, ծառայությունների թողարկման ծավալը՝ 33.9 մլրդ դրամով: Գյուղատնտեսության և շինարարության թողարկման ծավալները կավելանան համապատասխանաբար 3.5 և 2.9 մլրդ դրամով:

Հարցուպատասխանի ձևաչափում պատգամավորները փորձել են պարզել ոչ աշխատանքային օրերը կրճատելու հիմնավորվածությունը: Կարծիք է հնչել, որ անցումային շրջանում դա պետք է վերաբերի միայն հանրային ծառայողներին:

Առաջարկվել է հունվարի 2-ը և 7-ը ևս ներառել ոչ աշխատանքային օրերի ցանկում: Նշվել է, որ պետք էր քաղաքացիներին նախապատրաստել այդ փոփոխություններին, այս փուլում անցումային դրույթներով կարգավորել խնդիրը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տնտեսական աճի արձանագրման տեսանկյունից կարևորել է նախագծի ընդունումը: Նրա խոսքով՝ մեր երկրում անգամ աշխատանքային օրերի փոփոխության պարագայում օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ աշխատանքում խնդիրներ են առաջանում:

Վլադիմիր Վարդանյանը մեջբերել է օրինակներ միջազգային փորձից: Նա առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել՝ նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցում կներկայացնի առաջարկներ:

5 կողմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջարկն ընդունվել է հանձնաժողովի կողմից:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…