Ալիևի շանտաժին տեղիք պետք է չտանք, պետք է կանգնենք մինչև վերջ։ Հետո ի՞նչ, թե Ալիևն ինչ է ասում․ Արցախի ԱԳ նախարարը Բրյուսելում Ալիևի հայտարարությունների մասին

Babayan

  Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսին, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Ադրբեջանի նախագահն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»՝ հայտարարելով, թե այն «պետք է գործի Լաչինի միջանցքի պես»: 

Ալիևն ասել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին կետը նախատեսված է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ։ Այդպիսով, ըստ Ալիևի, սա պարտավորություն է Հայաստանի համար։ «Եռակողմ հայտարարություններում բացահայտ ասվում է, որ Ադրբեջանը ապահովում է անվտանգություն և մուտք դեպի Լաչինի միջանցք: Հայաստանը պետք է մեզ նույն անարգել մուտքը տա դեպի Զանգեզուրի միջանցք։ Այսօր Լաչինի միջանցքում չկան մաքսակետեր: Նույնը պետք է լինի նաև Զանգեզուրի միջանցքում։ Եթե Հայաստանը պնդի՝ մաքսակետեր ստեղծելու համար վերահսկել ապրանքների և քաղաքացիների տեղաշարժը Զանգեզուրի միջանցքով, ապա այն ժամանակ մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները։ Սա տրամաբանական է»,- ասել է Ալիևը։ 

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Civic.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Ալիևի հայտարարությունը, ասաց, որ դա պետական մակարդակով ահաբեկչություն է։ «Իհարկե, սա կնշանակի Արցախի նկատմամբ ցեղասպանության իրականացում, տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության պայթեցում, ուրիշ ոչինչ։ Դա երկու ելք է ենթադրում՝ կա՛մ լայնածավալ պատերազմ, կա՛մ պարզապես կոտորած»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Արցախի ԱԳ նախարարը նշեց, որ պետք չէ խնդրին նայել իրավական տեսանկյունից, քանի որ Ադրբեջանը ոչ մի իրավական նորմ չի պահպանում։ 

Անդրադառնալով Լաչինի միջանցքի և Ալիևի նշած «Զանգեզուրի միջանցքի» տարբերություններին՝ Բաբայանն ասաց. «Իհարկե, իրար հետ ոչ մի կապ չունեն։ Նույնիսկ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության մասին։ Բայց դա ի՞նչ կապ ունի։ Ադրբեջանը վարում է ագրեսիվ քաղաքականություն։ Ի՞նչ կապ ունեն իրավական նորմերը։ Շանտաժին տեղիք պետք է չտանք»: Դավիթ Բաբայանը հավելեց. «Պետք է կանգնենք մինչև վերջ։ Հետո ի՞նչ, թե Ալիևն ինչ է ասում։ Չի նշանակում, որ պետք է  վախենանք կամ ինչ ասում է՝ ընդունենք»։ 

Ըստ Բաբայանի՝ դիվանագիտորեն հակադրելու որևէ բան չկա, պետք է հասարակությունը «տղամարդավարի» կանգնի։ «Եթե մենք մտածում ենք, որ կարելի է խոսելով, իրավական նորմերին անդրադառնալով էդ հարցը կարգավորել, դա ճիշտ չէ։ Այդպես չի լինելու։ Ալիևը իրավական հարթությունից դուրս է գործում, ինքը այլ օրենքներով է գործում, այլ սկզբունքներով է առաջնորդվում։ Եթե մտնենք այդ դաշտ, կնշանակի՝ իրականությունը չենք պատկերացնում»,- ասաց Բաբայանը։  

Արդյոք կարո՞ղ ենք այս հարցում ակնկալել Ռուսաստանի աջակցությունը՝ հաշվի առնելով նաև, որ հենց նոյեմբերի 9-ի փաստաթղթում ևս նշված է Լաչինի միջանցք, իսկ 9-րդ կետում «միջանցք» ձևակերպումն օգտագործված չէ, Բաբայանն ասաց, որ Ռուսաստանը մեր եղբայրական երկիրն է։ «Բնական է, որ նաև ռուս ժողովրդից է կախված մեր ապագան, իրենց ապագան էլ կախված է Արցախից և մեզանից։ Մենք պետք է եղբայրական հարաբերությունները պահպանենք։ Անթույլատրելի է պրովոկատորների, դեմագոգների, թափառականների գաղափարների հետևից ընկնելը։ Կան էդպիսի մի խումբ թափառականներ, որոնք հայ-ռուսական եղբայրությունը խարխլում են։ Մենք պետք է մեր բոլոր եղբայրների հետ մեր հարաբերությունները պահպանենք, առանց դրա կորչելու ենք»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…