ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների վերականգնումը պետք է լինի բոլոր երկրների ինքնիշխանության հարգմամբ․ Շառլ Միշելի հայտարարությունը

Haytararutyun

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ դեկտեմբերի 14-ին մեկնարկած ու մի քանի ժամ տևած հանդիպման արդյունքներով հայտարարություն է տարածել, նաև հանդես եկել ճեպազրույցով՝ քննարկումները համարելով նշանակալի։

ԵԽ նախագահ Միշելը հայտնել է Եվրամիության պատրաստակամությունը՝ սերտորեն աշխատելու Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ առկա խնդիրները հաղթահարելու, համագործակցության և վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման նպատակով, որն ի վերջո կհիմնվի խաղաղության համապարփակ համաձայնագրի վրա։

Նա նշել է, որ հանդիպմանը բոլոր կողմերը կիսել են մոտեցումը, որ պետք է կառուցել անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկաս՝ ի շահ տարածաշրջանում ապրող ժողովուրդների:

«Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը վերահաստատել են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի երկու եռակողմ (ՀՀ, ՌԴ և ԱՀ- խմբ․) հայտարարությունների շրջանակներում ստանձնած առանցքային պարտավորությունները պետք է հարգվեն, և ամրապնդվեն 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված փոխըմբռնումները։ Նախագահ Միշելը բարձր է գնահատել երկու ղեկավարների ձեռնարկած քայլերը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին զինված բախումներից հետո լարվածության թուլացումն ապահովելու ուղղությամբ։ Կողմերն ընդունել են, որ երկու երկրների պաշտպանության նախարարների միջև հաջողությամբ հաստատվել է ուղիղ կապ՝ նախագահ Միշելի աջակցությամբ։ Այս մեխանիզմը կարող է ծառայել ապագա միջադեպերի կանխարգելմանն ու դրական ազդեցություն ունենալ լարվածության թուլացման հարցում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է ԵԽ նախագահի հայտարարության մեջ։

Միշելն ընդգծել է, որ առանցքային հումանիտար խնդիրների լուծումը վճռորոշ նշանակություն ունի։ Նա ողջունել է դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից տասը հայ գերիների վերադարձը և ականապատ տարածքների քարտեզների հանձնումը Հայաստանի կողմից: «Նա կոչ է արել լիարժեք և արագ լուծել բոլոր հումանիտար խնդիրները, ինչպիսիք են կալանավորների ազատ արձակումը և անհայտ կորածների ճակատագրի հստակեցումը՝ միաժամանակ գիտակցելով, որ երկու կողմերի մարդասիրական ժեստերը նաև նպաստում են վստահությանը և խաղաղության ու հաշտեցման տանող միջավայրի ստեղծմանը: ԵՄ-ն կշարունակի աջակցել մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում՝ տրամադրելով փորձագիտական խորհրդատվություն, կօժանդակի հակամարտությունից տուժած բնակչությանը, վերականգնմանն ու վերակառուցմանը: ԵՄ-ն նաև կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին»,-նշված է հայտարարության տեքստում։

Հայաստանի վարչապետը, Եվրոպական խորհրդի ղեկավարն ու Ադրբեջանի նախագահը քննարկել են նաև Եվրամիության և երկու երկրների միջև առկա և հեռանկարային առևտրատնտեսական գործընկերությունը: Ընդգծվել է ԵՄ-ի մտադրությունը՝ գործարկելու տնտեսական խորհրդատվական հարթակ՝ վստահություն ստեղծելու, խաղաղ գոյակցությանը նպաստելու և տարածաշրջանում տնտեսական համագործակցությունն ամրապնդելու համար:

Երկրների ղեկավարները պայմանավորվել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցությունների ծրագրված մեկնարկի համատեքստում անհրաժեշտ կլինի հետագա շոշափելի քայլեր ձեռնարկել տեղում լարվածությունը նվազեցնելու, բարենպաստ մթնոլորտ ապահովելու համար։ Նախագահ Միշելը և՛ Երևանին, և՛ Բաքվին կոչ է արել ակտիվորեն ներգրավվել և բարեխղճորեն աշխատել լարվածության թուլացման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ ուժերի համապատասխան հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման էական տարր է։ ԵՄ-ն կտրամադրի փորձագիտական առաքելություն/խորհրդատվական խումբ՝ աջակցելու սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերին՝ երկու երկրներին ապահովելով տեխնիկական աջակցություն:

ԵԽ նախագահ Միշելն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև ողջ Հարավային Կովկասում հաղորդակցության ենթակառուցվածքների վերականգնման կարևորությունը՝ լիակատար հարգանք ապահովելով բոլոր երկրների ինքնիշխանության նկատմամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկաթուղային գծերի վերականգնումը՝ սահմանային և մաքսային հսկողության համապատասխան պայմանավորվածություններով՝ փոխադարձության սկզբունքով։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կապերի զարգացմանը՝ իր տնտեսական և ներդրումային ծրագրերին համապատասխան: Առաջարկվող տնտեսական խորհրդատվական հարթակը նույնպես կարող է աջակցել այս գործընթացին: Առաջնորդները պայմանավորվել են հետևել իրենց հանդիպման արդյունքներին և մնալ ներգրավված:

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…