Չեխ երգչուհին միտումնավոր վարակվել է COVID-19-ով և մահացել. factor.am

Varakvel e

  Չեխիայում մահացել է Asonance ֆոլկ խմբի մեներգչուհի Գանա Գորկան, որը միտումնավոր վարակվել է կորոնավիրուսով, որպեսզի հիվանդանալ-ապաքինվելուց հետո կարողանա առանց պատվաստման այցելել հասարակական վայրեր։ 57-ամյա երգչուհու մահը BBC-ի հետ զրույցում հաստատել է նրա որդին։ Գորկան սոցցանցերում գրել է, որ ապաքինվում է կորոնավիրուսի դրական թեստից հետո, սակայն այս գրառումից երկու օր անց մահացել է։ Երգչուհու որդին՝ Յան Ռեքը պատմել է, որ Գորկան կանխամտածված է վարակվել կորոնավիրուսով, երբ իր և հոր մոտ վարակ է հայտնաբերվել։ Ռեքը և հայրը պատվաստված են եղել, բայց, այնուամենայնիվ, դեկտեմբերի վերջին վարակվել են կորոնավիրուսով: «Նա պետք է մեկ շաբաթով մեկուսանար մեր դրական ախտորոշումից հետո, բայց մեզանից հեռու չէր գնում»,- պատմել է Ռեքը։ Ապաքինվելուց հետո երգչուհին նախատեսում էր ստանալ Չեխիայում անհրաժեշտ COVID-անցագիր՝ որոշ հաստատություններ, այդ թվում՝ կինոթատրոններ, բարեր և սրճարաններ մուտք գործելու համար։ Մահից երկու օր առաջ Գորկան գրել էր, որ ապաքինվում է։ «Այժմ հնարավոր կլինի գնալ թատրոն, շոգեբաղնիք և համերգ»,- հավելել էր նա։ Կիրակի առավոտյան՝ իր մահվան օրը, երգչուհին հարազատներին ասել է, որ իրեն ավելի լավ է զգում և հագնվել է՝ զբոսանքի գնալու համար։ Սակայն անսպասելիորեն մեջքը սկսել է ցավել, և նա վերադարձել է ննջասենյակ։ «Տասը րոպեից ամեն ինչ վերջացել էր, նա շնչահեղձ էր եղել»,- պատմել է որդին։ Յան Ռեքն ընդգծում է, որ թեև մայրը պատվաստված չէր, սակայն չէր հավատում վիրուսի ծագման կամ պատվաստանյութերի վերաբերյալ որևէ դավադրության տեսության։ «Նա պարզապես նախընտրեց վարակը, քան պատվաստումը: Նա երբևէ չի խոսել որևէ միկրոչիպերի կամ նման այլ բաների մասին»,- ասել է երգչուհու որդին: Երգչուհուն պատվաստվել համոզելու փորձերն անօգուտ էին, քանի որ նա շատ էմոցիոնալ էր արձագանքում նման խոսակցություններին, հավելել է Յան Ռեքը։ Երիտասարդը հույս ունի, որ իր մոր պատմությունը կխրախուսի ավելի շատ մարդկանց պատվաստվել: Տաթև Ֆռանգյան

 factor.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…