$472 միլիոն․ COVID-19 համավարակի ընթացքում Հայաստանի ստացած միջազգային աջակցությունը. Fip.am

Gumar

 Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման ու հետևանքների չեզոքացման նպատակով Հայաստանը պարբերաբար ֆինանսական աջակցություն է ստացել միջազգային կազմակերպություններից և աշխարհի մի շարք երկրներից: «Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է Հայաստանին տրամադրված միջազգային ֆինանսական աջակցության ծավալները աշխարհում COVID-19 համավարակի հայտարարումից՝ 2020 թվականի մարտի 11-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 17-ը ներառյալ (ՀՀ կառավարությունից համապատասխան տվյալները ստացել ենք 2021-ի նոյեմբերի 17-ին):

Ֆինանսական օգնություն 

ԵՄ, ԱՄՆ և այլ երկրներ

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տրամադրված տվյալների համաձայն, այս ընթացքում ամենախոշոր ֆինանսական աջակցությունը Հայաստանին տրամադրել է Եվրամիությունը․ «COVID-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր» ոչ նպատակային դրամաշնորհի շրջանակում պետական բյուջե է մուտք արվել մոտ 15 մլրդ 134․3 մլն դրամ: ԵՄ-ն ՀՀ-ին է տրամադրել ևս €92 մլն, ինչը ենթադրում է ինչպես նոր ֆինանսական միջոցներ, այնպես էլ արդեն իսկ առկա միջոցների վերաուղղորդում: 

Այդ օգնությունից €38․5 մլն-ը վարկային միջոց է, որը ձևավորվել է 2015-17-ին կնքված բյուջետային աջակցության ծրագրերի վերակառուցումից: €3 մլն-ի դրամաշնորհ է  տրամադրվել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ Հայաստանի համար բժշկական սարքավորումներ ու պարագաներ գնելու նպատակով: €27 մլն-ի դրամաշնորhը ԵՄ ֆինանսական կազմակերպությունների միջոցով հատկացվել է փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանը: Գործադիրից տեղեկացրին, որ մնացած €24 մլն-ի աջակցության մասին ԵՄ-ն հայտնել է 2020-ի դեկտեմբերի 22-ին: Մեկ տարի անց, սակայն, գործադիրը չի հայտնում, թե ինչպես են ծախսվել այս միջոցները։

Վարչապետի աշխատակազմի տրամադրած տվյալներով՝ 2021 թվականի օգոստոսի 10-ին Եվրոպական հանձնաժողովը որոշել է ավելացնել աջակցության փաթեթը մինչև 75 մլն՝ Արևելյան գործընկերության երկրներում պատվաստման գործընթացը խթանելու նպատակով: Սակայն ԱլԳ երկրների միջև գումարի բաշխվածությունը դեռևս հստակեցված չէ: 

Բացի սրանից, ԵՄ մի շարք երկրների տարբեր գերատեսչություններ առանձին ֆինանսական օգնություն են հատկացրել ՀՀ-ին: Օրինակ՝ Գերմանիան Հայաստանին է հատկացրել $200,000, որով նախատեսվում է գնել սարքեր, թեստեր ու այլ պարագաներ: Նիդերլանդների հանրային առողջության ու շրջակա միջավայրի ինստիտուտը Հայաստանին տրամադրել է $233,000-ի օգնություն՝ բժշկական սարքավորումներ գնելու համար․ գումարը հատկացվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին: Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը կազմել է €30,000․ գումարը գոյացել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միության և ՀԲԸՄ նախաձեռնությամբ: 

Ռումինիայի RoAid զարգացման գործակալությունը Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ին հատկացել է €10,000-ի օգնություն: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին €30,000-ի ֆինանսական աջակցություն է տրամադրել Էստոնիայի կառավարությունը՝ համավարակի դեմ համապատասխան սարքավորումների ձեռքբերման համար:

Բացի դրանից, 40,000 շվեյցարական ֆրանկի (շուրջ $44,000) օգնություն է հատկացրել Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտը՝ դիմակների, ձեռնոցների և նմուշառման ձողերի ձեռքբերման համար: Եվս $36,000 հատկացրել է շվեյցարական «Նովարտիս Ֆարմա Սերվիսիզ ԷյՋի» ընկերությունը՝ դեղեր և սարքավորումներ գնելու համար:  

ԱՄՆ-ն համավարակի դեմ պայքարի համար Հայաստանին հատկացրել է $5․9 մլն-ի ֆինանսական օգնություն, այդ թվում՝ ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԿԽՀԿ-ի միջոցով: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը գումարի մնացած մասն ուղղելու է COVID-19-ի հետևանքով առավել խոցելի խմբերի սոցաջակցությանը, տնտեսական հետևանքները մեղմելուն, համավարակի տարածման կանխարգելման գործում ճգնաժամային հաղորդակցությանն ու համայնքային ներգրավվածության խթանմանը: Դեռ պարզ չէ, թե այս գումարի որ մասն է արդեն հատկացվել և ծախսվել, քանի որ արտգործնախարարությունը, որը հայտնել է այս տվյալները, հիմնվել է 2021 թ․-ի տարեսկզբի տեղեկությունների վրա։ 

Կանադան տրամադրել է $260,000՝ սարքեր ու պարագաներ գնելու համար:

Մերձավոր Արևելք և Ասիա  

2020-ի հունիսի 30-ին Ճապոնիայի հետ Հայաստանի կառավարության կնքած դրամաշնորհային ծրագրով այդ երկիրը հատկացրել է $3.8 մլն՝ Հայաստանի առողջապահական համակարգը լիաքարշ շտապօգնության և «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներով հագեցնելու նպատակով:  

Չինաստանը համավարակի դեմ պայքարի համար Հայաստանին հատկացրել է ընդհանուր $130,000-ի օգնություն, որից $110,000-ը՝ սարքեր և թեստեր գնելու նպատակով: 

Կորեայի Հանրապետությունը (Հարավային Կորեա) Հայաստանին է հատկացրել $300,000՝ թեստեր, ռենտգեն սարքեր, ուլտրաձայնային սարքավորումներ գնելու համար: Այդ երկրի Միջազգային զարգացման գործակալությունը տրամադրել է ևս $150,000 և 5 ուլտրաձայնային ախտորոշիչ սարք, որոնք նախատեսվում է հատկացնել Արթիկի, Նոյեմբերյանի, Աշտարակի, Սիսիանի և Սպիտակի ԲԿ-ներին: 

Կատարը տրամադրել է $250,000, որը փոխանցվելու է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին»՝ թեստեր գնելու նպատակով:  

Միջազգային կառույցներ և հիմնադրամներ 

Համավարակի դեմ պայքարում Հայաստանն օգնություն և վարկ է ստացել ոչ միայն պետություններից, այլև միջազգային հիմնադրամներից և այլ կառույցներից։ 

«Արտակարգ դրամաշնորհի պայմանագրի» շրջանակում Կովկասի բնության հիմնադրամի կողմից Հայաստանին է տրամադրվել մոտ ֏267․2 մլնի դրամաշնորհ:

2020-ի օգոստոսի 27-ին Ասիական զարգացման բանկի ու Հայաստանի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագրի» շրջանակում պետբյուջե է մուտքագրվել մոտ $2․5 մլն-ի դրամաշնորհ: Վարչապետի աշխատակազմից հայտնել են նաև, որ 2020-ին այդ ֆինանսական աջակցությունից բժշկական պարագաների ու սարքերի ձեռքբերման համար ծախսվել է մոտ $2․05 մլն, իսկ 2021-ին՝ մոտ $118,000:

$3 մլն է հատկացրել Կայունացման և զարգացման միջազգային հիմնադրամը․ գումարը բաշխվելու է մարզային ԲԿ-ների արդիականացման, հանրային իրազեկման ծրագրերի միջև: 

2020 թվականի մարտի 31-ին Հայաստանի ու Համաշխարհային բանկի միջև ստորագրված «Հիվանդություններ կանխարգելման և վերահսկման ծրագրի» համաձայնագրով $3 մլն-ի դրամաշնորհ և ևս 23 մլն դրամ է հատկացվել՝ սարքավորումների, տրանսպորտային միջոցների, բուժաշխատողների պաշտպանիչ հանդերձանքի և այլ բժշկական պարագաների ձեռքբերմանը: 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ 2020-ի ապրիլի 3-ին ստեղծված UN COVID-19 Response and Recovery: Multy-Partner Trust Fund հիմնադրամը ՄԱԿ մի շարք գործակալությունների միջոցով Հայաստանին է տրամադրել մոտ $1 մլն-ի օգնություն և սարքավորումներ ու պարագաներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին հատկացրել է $80,000: 

Կարմիր խաչը Հայաստանին է տրամադրել մոտ ֏28․2 մլն՝ ՔԿՀ-ների ու ԱԻՆ-ի համար սարքեր ու պարագաներ գնելու նպատակով: Միջազգային բժշկական կորպուսը Հայաստանին տրամադրել է $50,000՝ ձեռնոց գնելու համար: 

 

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. fip.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…