Հունվարի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ԱԹՍ-ները գործել են Հայաստանի ՀՕՊ միջոցների հակազդեցության դաշտից դուրս. ՀՀ ՊՆ

ZU sts

  Հունվարի 11-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում հայ-ադրբեջանական սահմանին ծավալված մարտերի ժամանակ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից կիրառված ԱԹՍ-ները գործել են Հայաստանի ՀՕՊ միջոցների հակազդեցության դաշտից դուրս։ Այս մասին Civic.am-ին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ ի պատասխան մեր գրավոր հարցի՝ արդյոք ոչնչացվե՞լ են հակառակորդի ԱԹՍ-ները։ 

ՊՆ-ից մասնավորապես ընդգծել են. «Հակառակորդի ԱԹՍ-ներին հակազդելու նպատակով պետական սահմանի տվյալ հատվածում գործող ՀՕՊ ուժերն ու միջոցները ժամանակին բերվել են խնդրի կատարման պատրաստականության, հայտնաբերել և ուղեկցել են հակառակորդի ԱԹՍ-ները, սակայն դրանք չեն ոչնչացրել, քանի որ հակառակորդը գործել է ՀՕՊ միջոցների հակազդեցության դաշտից դուրս»։

Նշենք, որ մենք դեռևս հունվարի 17-ին հարցում էինք ուղարկել ՀՀ ՊՆ՝ հաշվի առնելով այն տեսակետը, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին ծավալված մարտերից հայկական կողմը ոչ թե հակառակորդի հրազենային կրակոցներից է զոհեր ունեցել, այլ Ադրբեջանի կողմից անօդաչու սարքերի կիրառման հետևանքով։ Սակայն ՊՆ-ից այս հարցին հստակ չեն պատասխանել և հղում են արել ՊՆ-ի պաշտոնական կայքի տեղեկատվությանը։ 

Հիշեցնենք, որ ըստ ՊՆ հաղորդագրությունների՝ հայկական կողմն ունեցել է 3 զոհ, սակայն հաղորդագրություններում ընդգծված է միայն մեկ զինծառայողի զոհվելու պատճառը՝ մահացու հրազենային վիրավորում ձևակերպմամբ, իսկ մյուս 2 զինծառայողների մահվան՝ ստացած վիրավորումների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվել։ 

ՀՀ ՊՆ-ն հայտնել էր նաև 5 զինծառայողի վիրավորվելու մասին։ Մեր հարցմամբ հետաքրքրվել էինք նաև վիրավոր զինծառայողների առողջական վիճակից, որին ի պատասխան՝ ՊՆ-ից հայտնել են հետևյալը. «Վերին Շորժայի մոտակայքում տեղակայված հայկական դիրքերի վրա Ադրբեջանի ԶՈՒ հարձակումից վիրավորված զինծառայողների առողջական վիճակները բավարար են, նրանք ստանում են ախտորոշումներին համապատասխան բուժում, որի ավարտից հետո փորձաքննության նպատակով կներկայացվեն ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով»։ 

ՀՀ ՊՆ-ն հունվարի 11-ին հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ hունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը որոշակի ժամանակով լռեցվել է, սակայն ադրբեջանական կողմը վերսկսել է կրակել։  Ըստ ՊՆ հաղորդագրությունների՝ հայկական կողմն ունեցել է հինգ վիրավոր, երեք զոհ։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր միայն մեկ զոհի մասին։

Նարա Մարտիրոսյան

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…