Արարատ Միրզոյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Մարտի 17-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Միրչա Ջոանայի հետ։

Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել ՆԱՏՕ֊ի հետ գոյություն ունեցող քաղաքական երկխոսության կապակցությամբ: Այս համատեքստում, որպես համագործակցության զարգացման արդյունավետ գործիք, կարևորվել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը։

Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների` միջազգային խաղաղապահ առաքելություներին ունեցած մասնակցությանը և միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման գործում Հայաստանի ներդրմանը:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան — Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, քաղաքացիական բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումների գործադրման փաստերը։

Արարատ Միրզոյանը և Միրչա Ջոանան նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը Հյուսիսատլանտյան խորհրդում հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է անցած 30 տարիների ընթացքում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, 2020թ․ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետևանքներին, հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների մուտքի հարցերին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռնակարներին ու հնարավորություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առանց նախապայմանների բանակցություններին, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի:

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…