Մեր նպատակն է, որ ադրբեջանցիները հետ գնան ելման դիրքեր. Արայիկ Հարությունյան

Arayik Harutyunyan
 Նախագահ Հարությունյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել՝ ընդլայնված կազմով
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել՝ ընդլայնված կազմով:
 Բացման խոսքում երկրի ղեկավարը, նախ, նշել է, որ վերջին օրերին Անվտանգության խորհրդի նիստերի հաճախակի անցկացումը պայմանավորված է Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակով և հատկապես Արցախի արևելյան հատվածում տեղի ունեցող զարգացումներով: Անդրադառնալով կատարվածին և անելիքներին՝ նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանության բանակին, ուժային մյուս կառույցներին և կամավորականներին, որոնք կարճ ժամանակահատվածում հասցրել են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը: «Մենք հասկանում ենք, որ նրանց նպատակը ամբողջ Քարագլուխը գրավելն է եղել: Պետք է արձանագրենք, որ Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը գտնվում է մեր վերահսկողության տակ, սակայն որոշ կարևոր բարձունքներ այսօր գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: Մեր նպատակն է, որ ադրբեջանցիները հետ գնան ելման դիրքեր: Մեր պահանջն ու խնդրանքը խաղաղապահ ուժերին այն է եղել, որ ստատուս-քվոն, որը բխում է եռակողմ հայտարարությունից, պետք է վերականգնվի: Այս պահանջը մենք երբևէ չենք փոխելու»,- ասել է նախագահ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի կողմից հրահրված այդ սադրանքի նպատակը եղել է առաջին հերթին ռուսական խաղաղապահ ուժերի դերակատարությունը վարկաբեկելը: «Մենք համարում ենք, որ ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը, չհաշված այդ դրվագը»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:
Այնուամենայնիվ, ԱՀ Նախագահը շեշտել է, որ պետք է զգոնությունը պահել բարձր մակարդակի վրա մինչև պարզ լինի, որ Ադրբեջանը նման սադրանքների էլ չի գնալու: «Դրա համար հետագայում մենք մեր ինքնապաշտպանության առումով շատ ավելի արմատական և վճռական քայլեր ենք իրականացնելու»,- ասել է նախագահ Հարությունյանը:
Նիստում պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ շփման գծում առկա օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ:
Օրակարգային հարցերի քննարկման ընթացքում նախագահ Հարությունյանը շահագրգիռ կառույցների պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ է տվել:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…