ԿԳՄՍՆ-ն առաջարկում է կրթության հիմքով տարկետման համակարգի փոփոխություն. նախագիծը հանրային քննարկման է դրվել

Tketumar

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրավական ակտերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ:

 Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նախագծով առաջարկվում է ակադեմիական տարկետում տալու միջոցով Հայաստանի Հանրապետությունում խթանել պետության համար գիտատեխնիկական, արդյունաբերական, անվտանգային և ռազմավարական նշանակության ոլորտների զարգացումը` ապահովելով որակյալ կադրերի պատրաստում:

 Կրթության հիմքով տարկետում տրամադրելու գործող ընթացակարգով` բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար պարտադիր զինվորական ծառայությունից ՀՀ քաղաքացիներին տարկետում տրամադրվում է միջազգային օլիմպիադաներում մրցանակակիր լինելու, առարկայական օլիմպիադաներում ՀՀ առաջին կարգի դիպլոմ նվաճելու և բուհերի միջազգային վարկանշային սանդղակի` http://www.shanghairanking.com առաջին 50 տեղերում ընդգրկված բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար:

 Մագիստրատուրայում և ասպիրանտուրայում կրթության հիմքով տարկետում տրվում է նշանակալի նվաճումներ ունենալու դեպքում (հաշվարկի համապատասխան մեթոդաբանությամբ` ըստ միավորների):

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Գևորգյանը, մեկնաբանելով ներկայացված նախագիծը, նշում է, որ գործող ընթացակարգով օտարերկրյա առաջատար բուհերը որոշակի առաջնահերթություն են ստանում հայաստանյան բուհերի համեմատությամբ:

 «Մեր երիտասարդ բազմաթիվ տաղանդավոր, մեր ապագան հանդիսացող երիտասարդների ներուժն արհեստականորեն ուղղորդվում է դեպի արտասահմանյան բուհեր։ Չբացառելով, չսահմանափակելով միջազգային բուհերում կրթություն ստանալու կարևորությունը, առավելություններն ու դրական կողմերը` այնուամենայնիվ մեր մտավոր ներուժի էական բաղադրիչ համարվող երիտասարդության ինտելեկտուալ ծանրության կենտրոնը պետք է լինեն հայաստանյան բուհերը։ Սա նաև կնպաստի ՀՀ բուհական համակարգի զարգացմանը, քանի որ բուհերը մեր լավագույն երիտասարդների հետ աշխատելու, նրանց՝ գիտության և հետազոտության ոլորտում ներգրավելու հնարավորություններ կունենան»,- նշում է Հ. Գևորգյանը։ 

Անդրադառնալով հարցադրմանը, թե տարկետման՝ առաջարկվող և նախկինում գոյություն ունեցող համակարգերը որքանով են նման կամ ինչով են տարբերվում միմյանցից, Հ. Գևորգյանը նշում է մի քանի կարևոր առանձնահատկություն.  «Նախագծի ընդունման դեպքում կրթության հիմքով տարկետման առաջնահերթությունը կտրվի պետության համար առաջնահերթ, ռազմավարական կարևորություն ունեցող որոշակի մասնագիտություններին և համապատասխան բուհերին: Թե որոնք կլինեն նշված բուհերը և մասնագիտությունները, կսահմանի Կառավարությունը»:

Վարչության պետի խոսքով` տարկետման առաջարկվող իրավունքի տրամադրման մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ սովորողի ուսումնառության ողջ ընթացքի համար կսահմանվի միջին որակական գնահատականի շեմ, որը չապահովելու դեպքում տարկետման իրավունքը կդադարեցվի: Նշված բոլոր խնդիրները «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի փոփոխության ընդունումից հետո կկարգավորվեն ենթաօրենսդրական ակտերով:

Քննարկվող նախագծով առաջարկվում է նաև կրթական հիմքով տարկետում ունեցող քաղաքացիների համար զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմը բարձրացնել, որը տարկետում ունեցող քաղաքացիներին հնարավորություն կտա ուսումնառությունը շարունակելու կրթական բոլոր աստիճաններով` ապահովելով վերջնարդյունք:

Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև ապրիլի 15-ը: Ներկայացված բոլոր առաջարկներն ու դիտողությունները հաշվի առնելով, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ համաձայնեցնելով՝ նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

Նշենք, որ հանրային քննարկման շրջանակում Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան օրերս կլոր սեղան-քննարկում են կազմակերպել առաջարկվող փոփոխության վերաբերյալ:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…