Խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց. քրեական գործի նախաքննություն ավարտվել է

  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Պ. Ե.-ն ու նույն բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը զբաղեցրած Ա. Գ.-ն կազմակերպության օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար նախնական համաձայնությամբ ստացել են խոշոր չափերով կաշառք:
Մասնավորապես, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Կամօյլ» ՍՊ ընկերության կողմից առանց համապատասխան թույլտվության Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող բենզալցակայանի վերանորոգման, արդիականացման և այլ աշխատանքներ իրականացնելու փաստը չարձանագրելու և դրա վերացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու համար Ա. Գ.-ն, 2021 թվականի հոկտեմբերի 21-ին իր, Պ. Ե.-ի և նշված ընկերության սեփականատեր Կ. Մ.-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նույն օրը «Կամօյլ» ՍՊԸ գրասենյակում Կ. Մ.-ի ուղղորդմամբ հանդիպել է հիշյալ ընկերության աշխատակցին և նրանից ստացել 1000 ԱՄՆ դոլարին համարժեք 476 000 ՀՀ դրամ կաշառք:
Նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու համար Ա. Գ.-ին և Պ. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Պ. Ե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը հետագայում փոխարինվել է գրավով:
Խոշոր չափերով կաշառք տալու համար Կ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով:
​Երեք մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ℹ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…