Մեզ համար չափազանց կարևոր է հայ-նիդերլանդական առևտրատնտեսական կապերի սերտացումը. Մհեր Գրիգորյան

Niderlandner

 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Նիդերլանդների ազգային միասնությունը խորհրդանշող տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ Նիդերլանդների դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը: Միջոցառման շրջանակներում փոխվարչապետը շնորհավորել է տոնի առթիվ և մաղթանքներ հղել Նիդերլանդների կառավարությանն ու Նիդերլանդների բարեկամ ժողովրդին:

Փոխվարչապետը մասնավորապես նշել է.

«Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-րդ տարում կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ երկու երկրների միջև ձևավորվել է միջպետական արդյունավետ և բազմաբովանդակ համագործակցություն` հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Մեր միջպետական հարաբերություններն առավել դինամիկ հունով զարգանալու և համագործակցության ամենատարբեր ոլորտներ ընդգրկելու մեծ ներուժ ունեն։

Ուրախությամբ եմ նշում, որ այսօր մեր երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսությունը լավագույնս է արտահայտվում տարբեր մակարդակի փոխայցերով: Դրա վկայությունն է այս տարվա մայիսին նախատեսվող միջպետական հարաբերությունների 30-ամյա պատմության ընթացքում Հայաստանի վարչապետի առաջին պաշտոնական այցը Հաագա։

Համոզված եմ, որ այցը որակապես նոր լիցք կհաղորդի մեր բարեկամ երկրների միջև սերտ հարաբերությունների ամրապնդմանը և համապարփակ զարգացմանը։ Հայաստանը բարձր է գնահատում տարիներ շարունակ Նիդերլանդների կառավարության նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվող զարգացման տարաբնույթ ծրագրերը: Մեզ համար չափազանց կարևոր է նաև հայ-նիդերլանդական առևտրատնտեսական կապերի սերտացումը:

Պատրաստ ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` մեր երկրների գործարար շրջանակների համագործակցությունը խրախուսելու ուղղությամբ: Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը մեծապես երախտապարտ են Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում արցախահայության դեմ իրականացված ապօրինությունների և ռազմական հանցագործությունների բարձրաձայնման և դատապարտման հարցում Նիդերլանդների վճռական սկզբունքայնության համար:

Դա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և համամարդկային արժեքների առաջմղման հարցում Նիդերլանդների հանձնառության ակնառու դրսևորում է։ Վստահ եմ, որ բարեկամության և փոխըմբռնման ոգով զարգացող հայ-նիդերլանդական հարաբերությունները, որոնցում իր արժեքավոր ներդրումն ունի նաև Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը և անձամբ Դուք, պարոն դեսպան, այսուհետ ևս շարունակելու են նոր հաջողություններ արձանագրել։

Ցանկանում եմ կրկին շնորհավորել բոլորիս Նիդերլանդների ազգային տոնի կապակցությամբ և մաղթել Արքայական Մեծությանը քաջառողջություն, իսկ Նիդերլանդների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…