Երևանի քաղաքապետարանում պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտմամբ հողամասերի օտարման դեպքեր են հայտնաբերվել. ՊՎԾ

PVC

 ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել 2018թ. մայիսին քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքերի մասին:

Երևանի նախկին քաղաքապետի 2018թ. մայիսի 4-ի որոշմամբ քաղաքացի Ն․Բ․-ին ուղղակի վաճառքով` 3.289.104 դրամով օտարվել է Ուլնեցու փողոցում գտնվող  199.63 ք/մ մակերեսով հողամասը, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ քաղաքացի Գ․Ն․-ին՝ Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող 220.56 ք/մ մակերեսով հողամասը՝ 3.633.946 դրամ արժեքով:

Նշված գործարքների կապակցությամբ դրական եզրակացություններ են տվել քաղաքապետի տեղակալը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, իրավաբանական, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից իրականացված տեղատեսության և քաղաքապետարանում պահպանվող փաստաթղթերի ու քարտեզագրական նյութերի դիտարկման արդյունքում պարզվել է, որ վերը նշված հողամասերի դեպքում ուղղակի վաճառքի հիմքեր առկա չեն եղել, դրանք գտնվում են փողոցներին հարակից կառուցապատման առաջին գծում՝ փողոցներին անմիջապես հարող հատվածներում, ըստ էության հանդիսանում են առանձին գույքային միավոր և ենթակա էին օտարման հրապարակային սակարկությունների՝ աճուրդի եղանակով:

ՀՀ կադաստրի կոմիտեից ստացվել է նաև  տեղեկատվություն` 2018թ. ընթացքում վերը նշված հասցեների հարակից տարածքներում հողամասերի առուվաճառքի գործարքների վերաբերյալ: Վերլուծությամբ պարզվել է, որ Ուլնեցու փողոցում 2018թ. փետրվար և ապրիլ ամիսներին հողամասերի վաճառքի միջին գինը մեկ մետր քառակուսու համար կազմել է մոտ 56.300 դրամ, այն դեպքում, երբ ուղղակի վաճառքով օտարված հողամասի արժեքը հաշվարկվել է մոտ 16.500 դրամ, այսինքն՝ շուրջ 3.4 անգամ պակաս: Դավիթ Անհաղթի փողոցի հիշյալ հողամասին հարակից և կառուցապատման առաջին գոտի չհանդիսացող հողամասը 2018թ. նոյեմբերին վաճառվել է մեկ մետր քառակուսին 145.500 դրամով, այն դեպքում, երբ ուղղակի վաճառքով հողամասն օտարվել է 16.500 դրամով՝ մոտ 8.8 անգամ պակաս արժեքով:

Երևանի քաղաքապետարանում իրականացված վերահսկողությամբ հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար ։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…