«Խաղաղության դարաշրջանը» հերթական մանիպուլատիվ փուչիկն էր․ ՀՀԿ

Hanrapetakanner

  ՀՀկ գործադիր մարմինը հայտարարութուն է տարածել, որում ասված է․ «Հայաստանի և Արցախի շուրջ վերջին զարգացումները կրկին ապացուցում են, որ այսպես կոչված «խաղաղության դարաշրջանը» հերթական մանիպուլատիվ փուչիկն էր, որ հրամցվում էր հայ ժողովրդին:

Այս էլ որերրորդ անգամ ակնհայտ է դառնում Հայաստանի գործող վարչակազմի վարած արտաքին քաղաքականության ողջ սնանկությունը` խարսխված արկածախնդրության, անպատասխանատվության և հայրենադավության վրա:

Դատապարտելի է այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության, Եվրոպական միության և այլ միջազգային դերակատարների կողմից իրականացված բոլոր միջնորդական ջանքերն այս կառավարիչների անմեղսունակության արդյունքում չեն բերել Արցախում և Հայաստանում իրավիճակի կայունացմանը, ռազմական գործողություններից զերծ մնալուն և խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգների չեզոքացմանը: Կրկնակի պարսավելի է, որ հայ ժողովուրդն իրականում տեղեկացված չէ այն անդրկուլիսյան պայմանավորվածությունների մասին, որ իր թիկունքում ձեռք են բերել ՀՀ կառավարության կապիտուլյանտ ղեկավարն ու նրա վարչախումբը:

Հայաստանի «ժողովրդավարական բարեփոխումները» գովերգող միջազգային դերակատարները ցանկություն չունեն զսպելու ադրբեջանական ագրեսիայի դրսևորումները, իսկ ռազմավարական դաշնակցի հետ խառնիճաղանջ հարաբերությունները, որոնք սկիզբ են առել 2018-ի իշխանազավթումից հետո, նպաստել և նպաստում են ստեղծված իրավիճակին:

Ադրբեջանական վայրագությունների հերթական առիթ հանդիսացող խնդիրը, այն է՝ Բերձորի միջանցքի հարցը, Հայաստանի իշխանությունների ապիկար, հայրենադավ քաղաքականության ապացույցներից մեկն է: Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կողմերը պարտավորվել էին 3 տարվա ընթացքում ընդամենը նախագծել Բերձորի միջանցքով անցնող նոր ճանապարհ և ոչ թե այդ միջանցքից աշխարհագրորեն դուրս գտնվող երթուղու կառուցման պարտավորություն ստանձնել:

Հարց է առաջանում. ո՞ւմ հավանությամբ է Հայաստանի իշխանությունների լուռ համաձայնությամբ ամիսներ շարունակ կառուցվել այդ երթուղու մի հատվածը:

Ամեն գնով խաղաղություն մուրացող կապիտուլյանտների իշխանությունը, տեղի ունեցածի վրա տևական ժամանակ աչք փակելուց հետո, հանկարծ որոշել է ձայն հանել, և այդ ուշացած արձագանքը ոչ ոքի այլևս հետաքրքիր չէ:

Ստեղծված իրավիճակը ոչ միայն 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետևանքն է, այլև գործող դավադիր իշխանությունների վերարտադրմանն ուղղված ջանքերի, որոնք կիզակետին են հասել 2021թ.-ի հունիսի 20-ի ընտրություններին:

Պարտվողական քաղաքականության ակնբախ դրսևորում են Հայկական բանակի մարտունակության վերականգնման ուղղությամբ հանցավոր անգործությունը, Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակից հրաժարվելը, Արցախի զինաթափմանն ուղղված քայլերը, որոնք իրականացվում են Ադրբեջանի ռազմատենչ գործողություններին և հայտարարություններին զուգահեռ։

«Արցախը հանձնենք, որ լավ ապրենք» դավաճանական աշխարհայացքը բերեց հերթական կորուստների, կրկին ապացուցելով, որ «Արցախը հանձնենք, չենք ապրի» մոտեցումն է իրականում հայ ժողովրդի անվտանգության գրավականը։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր վշտակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին, ընտանիքներին, բարեկամներին, առողջություն մաղթում վերջին մարտերի ընթացքում վիրավորումներ ստացած մեր հայրենակիցներին:

Ստեղծված իրավիճակից միակ ելքը գործող իշխանությունների անհապաղ հրաժարականն է, ինչը թույլ կտա զրոյացնել հայ ժողովրդի թիկունքում տրված բոլոր խոստումները, վերսկսել բանակցային գործընթացը` վերահաստատելով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը ռազմավարական դաշնակցի և գործընկերների մոտ:»

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…