Կիսով չափ հայ, կիսով չափ ֆիլիպինուհի՝ ԵՊԲՀ ուսանողը հայրենիքում է պատրասվում ապրել և կայանալ

Bjshkuhi

 Ստեֆանիլ Մարաշլյանը սովորում է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսում: Նա ծնվել է Ֆիլիպիններում:

«Հայրս հայ է, մայրս՝ ֆիլիպինուհի: Մինչ Հայաստան տեղափոխվելը, ապրել և սովորել եմ Ֆիլիպիններում, այնուհետև՝ ԱՄՆ-ում: Ֆիլիպիններում հաճախել եմ շատ դպրոցներ, ինչպիսիք են՝ ճապոնական, տեխնոլոգիական և այլն: 2015 թ. գարնանն ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Հայաստան՝ դեռևս չտիրապետելով հայոց լեզվին:
Առաջին հայացքից սիրահարվեցի հայրենիքիս և ցանկացա այստեղ մնալ։ Աստիճանաբար սկսեցի հայերեն սովորել մայրիկիս և քրոջս հետ։
Այժմ վարժ տիրապետում եմ հայերենին, ինչպես նաև ֆիլիպիներենին, անգլերենին, մասամբ՝ ռուսերենին: Կցանկանայի սովորել նաև այլ լեզուներ, քանի որ լեզուներ սովորելն ինձ համար նախասիրություն է»,-պատմում է ապագա բժիշկը:

2015թ. աշնանը Ստեֆանիլը Հայաստանում ընդունվեց ավագ դպրոց, որն ավարտելուց հետո արդեն ԵՊԲՀ-ում սկսվեց նրա՝ բժիշկ դառնալու ուղին:
«Ի տարբերություն շատերի՝ մանկուց չէի երազում այս մասնագիտության մասին։ Պատճառն այն էր, որ փոքր տարիքից հաճախել եմ տարբեր խմբակներ տարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ պարը, նկարչությունը, մաթեմատիկան, համակարգչային դասընթացները, սպորտը և այլն։ Բայց դպրոցում իմ ամենասիրելի առարկան եղել է կենսաբանութունը։ Միգուցե հենց դա էր պատճառը, որ ընտրեցի բժշկությունը՝ որպես մասնագիտություն: Բժշկությունն, ըստ իս, շատ կարևոր և պատասխանատու մասնագիտություն է, քանի որ առաջնայինը մարդկային կյանքն է ու առողջությունը»,- նշում է Ֆիլիպիններից Հայաստան տեղափոխված Ստեֆանիլ Մարաշլյանը:

Դեռևս չի կողմնորոշվել, թե ինչ նեղ ուղղություն կընտրի բժշկության մեջ, քանի որ բժշկությունը շատ լայն բնագավառ Է, բայց նաև խոստովանում է, որ ունի նախընտրելի մի քանի նեղ մասնագիտություն:
«Ճիշտ է՝ դեռ վերջնական որոշում չեմ կայացրել, բայց վստահ եմ, որ, ի վերջո, կընտրեմ ինձ հոգեհարազատ մասնագիտացումը, որտեղ էլ կձգտեմ լինել լավագույններից մեկը: Ներկայումս գիտելիքներս ամրապնդելու նպատակով ուսմանը զուգընթաց դեղատներից մեկում անցնում եմ պրակտիկա և խորացված ուսումնասիրում դեղերը, դրանց բաղադրությունն ու կիրառումը», — ընդգծում է ապագա բժիշկը:

Ստեֆանիլի խոսքով՝ ուսումնառության ընթացքում շատ է հավանել բժշկական մայր բուհը:

«Սիրեցի բժշկական համալսարանը, քանի որ, բացի գիտելիքից, ձեռք բերեցի նաև լավ ընկերներ, բանիմաց և կիրթ դասախոսներ:
Անհամբեր սպասում եմ դասերի վերսկսմանը, համալսարանում մինչ այն ավարտելը սպասվող ձեռքբերումներին», — ասում է կիսով չափ հայ, կիսով չափ ֆիլիպինուհի ԵՊԲՀ ուսանողը:

 

Արմեն Մուրադյան

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…