ԱՄՆ նախագահի նախաձեռնած համաժողովին արդարադատության փոխնախարարը դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան

AMN

   ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը հեռավար ձևաչափով մասնակցել և ելույթով է հանդես եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» համաժողովի համակարգող խմբի առցանց ձևաչափով անցկացվող երրորդ հանդիպմանը:

 Համաժողովի ընթացքում փոխնախարար Թումանյանցն անդրադարձ է կատարել 2022 թվականի սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ իրականացրած լայնամասշտաբ զինված հարձակմանը՝ հայկական կողմի դիրքերի, ինչպես նաև խաղաղ բնակավայրերի՝ Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի, Կապանի և Սոթքի ուղղություններով կատարած գնդակոծություններին, որի արդյունքում եղել են բազմաթիվ զոհեր սահմանապահ զորքերի շրջանում, ինչպես նաև տուժել է խաղաղ բնակչությունը։

«Ադրբեջանի կողմից դրսևորած ագրեսիան միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի կոպտագույն խախտում է: Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում Ադրբեջանը, ըստ էության, փորձում է ուժի գործադրմամբ և դրա սպառնալիքի կիրառմամբ հասնել իր պահանջներին և նկրտումներին»,- նշել է փոխնախարար Թումանյանցը:

Փոխնախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և մի շարք կոնգրեսականների՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունները բարձրաձայնելու համար: Նշվել է նաև, որ չնայած ստեղծված ծանր իրավիճակին՝ Հայաստանը կարևորում է ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործողությունների իրականացման շարունակականությունը և ներկայացվել է Համաժողովի գործունեության շրջանակում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքն ու գրանցած արդյունքները:

Փոխնախարար Թումանյանցը նշել է, որ համեմատական ցուցանիշների շարունակական բարելավումների՝ մասնավորապես Համաշխարհային բանկի Կառավարման համաշխարհային ցուցիչի 50 միավորից 60-ի հասնելու համատեքստում ՀՀ Կառավարությունն ընդունել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությունը, ինչպես նաև հանրային կառավարման բարեփոխումների 2022-2024 թթ. ռազմավարությունը:

Երանուհի Թումանյանցը ներկայացրել է նաև Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ բարեփոխումները և դրանց իրականացման արդյունքում գրանցած առաջընթացը, մասնավորապես՝ հայտնել է, որ 2021 թվականին ստեղծվել է Հակակոռուպցիոն կոմիտեն, ընդգծել մեկ այլ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ որպես կանխարգելիչ մարմնի ստեղծման կարևորությունը, ինչպես նաև խոսել է Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանն ուղղված աշխատանքների մասին:

Փոխնախարարը նշել է, որ Կառավարության օրակարգում է նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարը որպես ժողովրդավարական կառավարման հենասյուն և ներկայացրել ցածր արտանետումներով էներգետիկ ոլորտի և կենսունակ կանաչ տնտեսության ոլորտներում իրականացրած բարեփոխումները: Մասնավորապես նշվել է, որ Հայաստանը առաջընթաց է գրանցել էներգետիկ միջազգային վարկանիշում՝ 127 երկրների շարքում զբաղեցնելով 53-րդ տեղը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…