Երևանի քաղաքապետարանը կներդնի միասնական համակարգ, որով երևանցիները կկարողանան առցանց վճարումներ կատարել, հնարավոր կլինի շինթույլտվություններն ավելի արագ տրամադրել, մատչելի նոտարական ծառայություններ մատուցել և այլն

 Շինթույլտվությունների արագ տրամադրում, բարելավված բիզնես գործընթաց, մատչելի նոտարական ծառայություններ. Երևան համայնքը միջազգային գործընկերների հետ ոլորտային բարեփոխումների կարևոր քայլ է կատարում՝ մեկնարկելով «Հանրային ծառայությունների թափանցիկության, հաշվետվողականության և մատչելիության ամրապնդում՝ կառավարման տեխնոլոգիաների միջոցով» ծրագիրը:

«Հանրային կառավարման բարեփոխումները պետական կառավարման համակարգում, տեղական ինքնակառավարման մարմիններում կարևորագույն բարեփոխումների փաթեթն են: Սա ներքին գործընթաց չէ միայն և ուղղակիորեն անդրադառնում է տնտեսվարողների ու մարդկանց կյանքի վրա: Այս հուշագրի ստորագրումից հետո, ես վստահ եմ, որ մենք մեծ թափով կսկսենք իրականացնել առաջին ծրագրերը և, դրան զուգահեռ, Երևանի քաղաքապետարանը կսկսի իրականացնել հանրային կառավարման բարեփոխման լայն շրջանակը: Պատմականորեն Երևանի քաղաքապետարանը բավականին բյուրոկրատական համակարգի ընկալում է ունեցել, և այս ծրագրի հիմնական նպատակն այդ ընկալումները փոխելն է»,— նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Հայաստանի կառավարության ու Երևանի քաղաքապետարանի կողմից Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագիրը կֆինանսավորվի Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարում» հիմնադրամի միջոցներով: 

«2004 թվականից ի վեր Համաշխարհային բանկն օժանդակել է պետական կառավարման բարեփոխումները մի շարք ծրագրերով։ Մեկնարկող նախագիծն ունի համապատասխան թվային ենթակառուցվածքների համար հիմք ստեղծելու նպատակ՝ թվային միջոցներով առավել արդյունավետ, ծախսարդյունավետ և օգտվելու համար դյուրին հանրային ծառայությունների մատուցումն ապահովելու համար։ Մենք հավատում ենք, որ այսպիսի նախաձեռնությունները կնպաստեն ավելի լավ բիզնես միջավայրին և առավել թափանցիկ ու հաշվետվողական կդարձնեն հանրային հատվածի կողմից մատուցվող ծառայությունները»,- նշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

«Հայաստանն իր հանրային հատվածն արդիականացնելու և թվային վերափոխումը պատրաստակամորեն ընդունելու հստակ հանձնառություն է դրսևորել։ Միացյալ Թագավորության թվային նորարարության զգալի փորձ և փորձառություն ունի։ Ուրախ եմ, որ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամ»-ը ֆինանսավորում է Համաշխարհային բանկին՝ ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի հետ գործընկերությամբ կառավարման տեխնոլոգիաների միջոցով հանրային ծառայությունների թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մատչելիության ամրապնդման ծրագիր իրականացնելու համար։ Այս ծրագրով տեխնիկական ուղեցույց է առաջարկվում և ներկայացվում է լավագույն փորձը, ինչը կբարելավի թվային ծառայությունների տրամադրումը թե՛ պետական, թե՛ տեղական մակարդակով՝ ստեղծելով ավելի արդյունավետ հանրային ծառայությունների և կայուն զարգացումը խթանելու հնարավորություն»,- ասել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը։

Նախագիծը կյանքի կոչելու համար վեր են հանվել բոլոր այն խնդիրները, որոնք դժգոհություններ են առաջացնում բնակիչների շրջանում: Կլինեն նաև առցանց հարթակներ և բջջային հավելվածներ: 

Երևանի քաղաքապետարանի, Համաշխարհային բանկի, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության ու Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև ստորագրված «Փոխըմբռնման և գործընկերության բազմակողմ» հուշագրով պաշտոնապես տրվեց ծրագրի մեկնարկը։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…