Հույս ունեմ՝ մինչեւ 2050թ.–ը կունենանք լողից առնվազն 1 օլիմպիական ոսկե մեդալ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլին, որին մասնակցել է 128 դպրոցական:

Մրցաշարն անցկացվել է 2 տարիքային խմբում՝ 3-6-րդ դասարաններ՝ 2014-2017 թվականներին ծնված աշակերտներ (8-12 տարեկան) և 7-12-րդ դասարաններ՝ 2008-2013 թվականներին ծնված աշակերտներ (13-17 տարեկան): Եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հավաքական թիմերը. յուրաքանչյուր տարիքային խմբի թիմի կազմը՝ 4 տղա և 4 աղջիկ: Այս փուլում առաջին և երկրորդ տարիքային խմբերի մասնակիցները մրցել են համապատասխանաբար 8×50 մետր և 8×100 մետր փոխանցումալող և ազատ ոճ մրցաձևերում՝ խառը կազմով (4 աղջիկ և 4 տղա):

Եզրափակիչ փուլից հետո, տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 3-6-րդ դասարանների մրցաշարում լավագույն եռյակում իրենց տեղերը հաջորդաբար զբաղեցրել են` Երևանի, Շիրակի ու Կոտայքի թիմերը: Իսկ 7-12-րդ դասարաների մրցաշարում լավագույն եռյակում իրենց տեղերը հաջորդաբար զբաղեցրել են՝ Երևանի, Շիրակի և Լոռիի թիմերը:

Մրցաշարի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, հուշանվերներով մեդալներով և դրամական պարգևներով: Թիմերի դրամական պարգևների գումարը համամասնությամբ բաժանվել է հավաքական թիմի անդամների դպրոցների միջև՝ դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույքի ձեռքբերման նպատակով: 1-ին տեղ գրաված թիմը պարգևատրվել է 4 մլն դրամով, 2-րդ տեղը՝ 2,5 մլն դրամով, իսկ 3-րդ տեղը՝ 1,5 մլն դրամով: Մրցաշարի մրցանակային տեղեր գրաված աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ (8 մասնակից) 150,000-ական դրամ, 2-րդ տեղ՝ (8 մասնակից) 100,000-ական դրամ և 3-րդ տեղ՝ (8 մասնակից) 75,000-ական դրամ: Պարգևատրվել են նաև հավաքական թիմերի պատասխանատուները՝ մարզիչները, ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ համապատասխանաբար 1-ին տեղ՝ 150,000 դրամով, 2-րդ տեղ՝ 100,000 դրամով և 3-րդ տեղ՝ 75,000 դրամով:

Մրցաշարը կազմակերպել և անցկացրել է ԿԳՄՍՆ կողմից ստեղծված հանձնաժողովը՝ համագործակցելով «Լողի հայկական դաշնություն» մարզական հասարակական կազմակերպության հետ:

Պարգևատրման արարողությունից հետո, վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել հաղթողներին և հաջողություն մաղթել: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բոլոր մարզերում անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման կարևորության մասին և ընդգծել, որ արդեն կա քաղաքական որոշում, որ բոլոր խոշորացված համայնքներում առնվազն 25 մետրանոց լողավազան պետք է լինի:

Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ «Վարչապետի գավաթը» նոր խթան կլինի այն մրցանակակիրների և աշակերտների համար, ովքեր զբաղվում են լողով, ավելի մեծ ջանքեր ներդնել և Հայաստանի Հանրապետությունում պարգևատրման հարթակները լրացնել միջազգային մրցաշարերում պարգևատրման հարթակներով:

Խոսելով Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ռազմավարությամբ խնդիր է դրված մինչև 2050 թվականն ունենալ 25 օլիմպիական ոսկի մեդալ։ «Ես հույս ունեմ, որ այդ ոսկի մեդալներից առնվազն մեկը կլինի լողից, և մենք պետք է բոլորս ձգտենք այդ նպատակին»,-հավելել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև շրջայց է կատարել Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիրի տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքներին և ապագա ծրագրերին:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…