Եկամտային հարկի նվազեցումն ամբողջությամբ կփոխհատուցի սոցիալական վճարի աճը. ԿԲ պաշտոնյա

Ekamtahark

Եկամտային հարկի նվազեցումն ամբողջությամբ կփոխհատուցի քաղաքացիների կողմից կատարվող սոցիալական վճարի աճը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Տնտեսական լրագրողների ակումբի կողմից կազմակերպված հեռավար քննարկմանն ասաց ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության առաջատար մասնագետ Վիգեն Շահնազարյանը՝ անդրադառնալով Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի կարգավորումներին: 

«Սոցիալական վճարների հաշվարկման առավելագույն շեմը նշանակում է, որ մենք դրանից ավելի մասի նկատմամբ չենք կուտակում: Մինչև այս տարվա հուլիսի 1-ն առավելագույն շեմը 500 հազար դրամն էր, իսկ այս հուլիսի 1-ից հետո դառնում է նվազագույն աշխատավարձի 15-ապատիկի չափ, այս պահին այն կազմում է 1 մլն 20 հազար դրամ»,-ասաց Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ հուլիսից այս փոփոխության արդյունքում մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար ոչինչ չի փոխվելու այս տարի, իսկ դրանից ավելի ստացողները կսկսեն վճարել իրենց աշխատավարձի 10 տոկոսի և 37 հազար 500-ի տարբերությունը (առավելագույնը 64 հազար 500 դրամ՝ 1.02 մլն ստացողների համար):

Շահնազարյանը հիշեցրեց, որ մինչև 2018-ի հուլիսը բաշխումը կատարվում էր հետևյալ կերպ՝ 5 տոկոսը տալիս էր անձը, 5 տոկոսը՝ պետությունը, յուրքանչյուրինն առավելագույնը 25 հազար դրամ: Եվ յուրաքանչյուր մարդ առավելագույնը 50 հազար դրամ կուտակում էր իր հաշվին: «Այնուհետև, երբ 2018-ի հուլիսին համակարգն ամբողջությամբ ներդրվեց, կառավարությունը որոշեց, որ սկզբնական շրջանում պետք է փոխհատուցի մարդկանց բեռը: Եվ որոշվեց, որ սոցիալական վճարի մի մասը պետությունը վերցնում է իր վրա՝ ոչ ավելի, քան 12 500 դրամ: Եվ քանի որ շեմը 500 հազար դրամ էր, մարդկանց մոտ ձևավորվել է այն կարծիքը, որ մարդիկ վճարում են 2.5 տոկոս, պետությունը՝ 7.5 տոկոս, և տասը տոկոսը փոխանցվում է մարդու կենսաթոշակային հաշվին: Եվ ըստ էության այդ տոկոսային հարաբերությունը փոխվում է»,-ասաց նա:

Շահնազարյանը նաև նշեց, որ երբ 2018-ին պետությունը որոշեց, որ սոցիալական վճարի մի մասը իր վրա է վերցնում, պայման դրվեց, որ դա արվում է մինչև եկամտային հարկի համապատասխան նվազեցումները: Այսինքն, երբ եկամտային  հարկը կնվազի, որն ըստ էության կփոխհատուցի սոցիալական վճարի աճը, այդ ժամանակ վերադարձ կկատարվի 5 տոկոս-5 տոկոս բաշխմանը: «Բայց քանի որ եկամտային հարկը նվազում է աստիճանաբար, պետության այդ նույն «էքզիթը» նույն կերպ աստիճանաբար է տեղի ունենում: Մյուս տարվանից պետության կողմից վճարվող 7.5 տոկոսը իջնելու է 6.5 տոկոսի, հետո 5.5 տոկոսի, հետո 5 տոկոսի: Երբ եկամտային հարկի նվազումն ավարտվի, այն հասնի 20 տոկոսի, վերադարձ է կատարվելու 5 տոկոս-5 տոկոս բաշխմանը»,-ասաց նա:

Շահնազարյանը շեշտեց, որ սահմանված է սոցիալական վճարի առավելագույն չափ, ամենաշատը կլինի 2023-ին՝ 77 հազար դրամ: Այսինքն` բարձր եկամուտ ստացողները՝ 1 մլն 20 հազար և ավելի ստացողներն առավելագույնը վճարելու են 77 հազար դրամ:

«Կարել է ասել,որ եկամտային հարկի նվազեցումն ամբողջությամբ փոխհատուցում է սոցիալական վճարի աճը: 2021-ից հետո ամբողջությամբ բոլորինը փոխհատուցում է, բոլորը պլյուսով են դուրս գալիս, քանի որ եկամտային հարկը ավելի շատ է նվազում, քան աճում է սոցիալական վճարը»,-ասաց նա:

Շահնազարյանի խոսքով՝ եթե շեմը չի փոխվում, այն չի աճում ինչ-որ պարբերականությամբ՝ տնտեսությունում աշխատավարձերի աճին զուգընթաց, ապա դա հանգեցնում է գլոբալ խնդրի՝ թերի կուտակումների: «Մարդկանց համար ունենալու ենք ցածր փոխհատուցման գործակից, դա կենսաթոշակի հարաբերությունն է վերջին աշխատավարձի նկատմամբ: Թիրախը մոտ քառասուն տոկոսն է, որ դրանից ցածր չլինի: Եթե շեմը չենք ինդեքսավորում, ապա դա անհասանելի թիրախ է դառնում, և համակարգը իմաստազրկվում է»,-նշեց նա:

Աննա Գրիգորյան

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…