Հրադադարի ռեժիմը պահպանվում է ԼՂ սահմանագծի ողջ երկայնքով. ՌԴ ՊՆ

rejim

 Ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել իրենց առջև դրված պարտավորություններն ու խնդիրները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տեղակայված ռուս խաղաղապահների գործողություններին:  

Նա նշել է, որ հյուսիսային և հարավային տարածքներում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն խաղաղապահ ստորաբաժանումներն իրականացնում են 23 դիտակետում։

Կոնաշենկովի խոսքով՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է սահմանագծի ողջ երկայնքով, ռուս խաղաղապահների և տեղական իշխանությունների ջանքերով բնակչությունը վերադառնում է բնականոն կյանք։

«Ռուս խաղաղապահների հումանիտար ականազերծման կենտրոնը Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում և հարակից մեկ հեկտար տարածքում իրականացրել է ականազերծում: Հայտնաբերվել է 5 պայթուցիկ առարկա և ոչնչացվել: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահները հայտնաբերել և վնասազերծել են 57 պայթուցիկ առարկա:

Ռուսաստանի ինժեներատեխնիկական ստորաբաժանումների զինվորականները շարունակում են համագործակցել Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների հետ՝ իրականացնելով փողոցների մաքրման և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ։

Ռուս խաղաղապահ զորամիավորումների պարեկներն ապահովում են սննդի և խմելու ջրի անվտանգ առաքումը Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրեր: Նրանք ապահովում են նաև տեղահանվածների անվտանգ վերադարձը: Մեկ օրում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1895 տեղահանված։ Ռուս խաղաղապահների աջակցությամբ՝ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 13 հազար բնակիչ արդեն վերադարձել է բնակության նախկին վայրեր:

Ռուս խաղաղապահների և ԿԽՄԿ-ի համատեղ ջանքերով շարունակվում է զոհվածների դիերի որոնման և փոխանակման գործընթացը։ Այս նպատակով ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության նախաձեռնությամբ ստեղծվել են համատեղ խմբեր, որոնք բաղկացած են ռուս խաղաղապահ ուժերի, Ադրբեջանի զինված ուժերի, Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներից: Համատեղ խմբերի կողմից հայտնաբերված դիերը հանձնվում են կողմերին՝ հուղարկավորության համար: Հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով ռուս խաղաղապահները կապ են հաստատել կողմերի հրամանատարության և տեղական իշխանությունների, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչը: 

Related Posts

Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ․ Խաչատուրյանի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատկի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ։ Այս մասին իր ուղերձում նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Հարության տոնը դարեր շարունակ եղել է մեր…

Երևանում բախվել են ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը

Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում  Թևոսյան փողոցից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7…