Դուք ձեր քայլով անարգել եք Ազգային ժողովը. Վահագն Հովակիմյանը՝ ԲԴԽ նախագահին

Anarganq

Այսօր խորհրդարանում շարունակվում են ԱԺ հերթական քառօրյայի աշխատանքները: Խորհրդարանում շարունակվում է քննարկվել Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը:

Դիմելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց. «Սամվել Գրիգորյանի հետ կապվածը ոչ թե օրենսդրական բաց է, այլ՝ թեկնածուի անպատասխանատվության արդյունք, և դուք ոչ թե կանխել եք, այլ խրախուսել այդ անպատասխանատվությունը: Թեկնածուն պետք է կա՛մ այդ ամբիոնից ինքնաբացարկ ներկայացներ, կա՛մ ԱԺ նախագահին ուղղված գրությամբ: Դուք ձեր այդ քայլով անարգել եք Ազգային ժողովը: Դուք նաև ԲԴԽ անդամների ընտրության ժամանակ լրագրողների հետ զրույցում կարծիք էիք հայտնել՝ կասկածի տակ դնելով Ջհանգիրյանի թեկնածությունը՝ շատ լավ իմանալով, որ դուք ո՛չ այդ ատյանն եք, ո՛չ էլ իրավունք ունեք կարծիք արտահայտելու, կրկին ստվեր էիք նետել ԱԺ-ի վրա»:

Վարդազարյանն էլ ի պատասխան՝ նշեց, որ ԱԺ-ում չպետք է հնչեն դատավորի թեկնածության մասին այսպիսի գնահատականներ. «Ասացիք՝ ես անարգել եմ Ազգային ժողովը, կամ Գրիգորյանն է անարգել կամ հեղինակազրկել է: Չեմ էլ ուզում պատկերացնել՝ ինչ եք ասում: Ես ստացել եմ պարոն Գրիգորյանի գրությունը, հետո կից գրությամբ, ամենայն հարգանքով, ուղղել եմ ԱԺ նախագահին: Չեմ հասկանում, թե որտեղ տեսաք անհարգալից վերաբերմունք ԱԺ-ի նկատմամբ:

Ես երեկ իմ խոսքում պարզաբանեցի, որ դատավորը Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահն է և գտնում է, որ այս պահին Սյունիքից Երևան տեղափոխվելը շատ նման կլինի փախուստի կամ դավաճանության Սյունիքի մարզի նկատմամբ, այդ պատճառով վերջինս հրաժարվում է Վճռաբեկ դատարանի դատավորի, քաղաքացիական վարչական պալատի դատավորի պաշտոնը ստանձնելուց: Ես բացարձակ համաձայն չեմ ձեր գնահատականների հետ: Չեմ հասկանում, թե ես ինչպես պետք է այստեղից Ղափան աջակցեի այդ դատավորին, որ նա նման գրություն ուղարկեր: Ինձ համար ինչ տարբերություն՝ ԱԺ ամբիոնին կմոտենամ, կներկայացնեմ երեք դատավորի, թե երկու»:

Հովակիմյանն էլ ընդգծեց, որ Վարդազարյանը ոչ թե կից գրությամբ պետք է հանդես գար, այլ պետք է պահանջեր դատավորի թեկնածուից, որ վերջինս ԱԺ նախագահին հասցեագրված գրություն ուղարկեր. «Ձեր գործը թեկնածուներ առաջադրելուց հետո ավարտվել էր: Կարծում եմ՝ պետք է տեղյակ լինեիք: Եթե ապացույցներ ի հայտ գան, որ կոնկրետ գործով դուք միջամտել եք, պատրա՞ստ եք հրաժարական ներկայացնել»:

ԲԴԽ նախագահն էլ ի պատասխան՝ ասաց, որ եթե կոնկրետ ապացույց լինի, որ ինքն ինչ-որ գործով միջամտել է, այդտեղ ոչ միայն հրաժարականի հարց առաջ կգա, այլ նաև՝ քրեական պատասխանատվության:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…