50 տարի ժամկետով «Ալեքսանյանների ընտանիք» ՀԿ-ին տրամադրված մանկապարտեզ-դպրոցը վերադարձվել է համայնքին

Mankapartez

Երեւանի Վերոնիկա Գեւորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիրը, որի շենքն ու հողատարածքը 2008 թվականին 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման էր հանձնվել «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը, վերադարձվել է համայնքին:

Քաղաքապետարանից պատասխանելով մեր հարցմանը՝ նշել են, որ դա տեղի է ունեցել 2019 թվականին. ««Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական ՀԿ-ի անվամբ պայմանագրով գրանցված անհատույց օգտագործման իրավունքը՝ համաձայն ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 04.07.2019թ. տրված տեղեկանքի, ճանաչվել է ուժը կորցրած պայմանագրի 4.2 կետի հիման վրա»:

Քաղաքապետարանից միեւնույն ժամանակ հիշեցնում են, որ ժամանակին վարձակալության հանձնված այդ գույքը հանդիսանում է համայնքային սեփականություն: Նաեւ նշում են. «Դիտարկվում է անշարժ գույքը կրկին որպես մանկապարտեզ վերագործարկելու հնարավորությունը:

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին առնչվող հասարակական կազմակերպությունը ժամանակին պարտավորվել էր մանկապարտեզն ապահովել գույքով եւ սարքավորումներով, հոգալ մանկապարտեզ հաճախող երեխաների սննդի, հանգստի ծախսերը, լուծել աշխատակիցների աշխատավարձի խնդիրները: Բայց անցած տարիների ընթացքում կրթական հաստատությունը լուծարվեց, չգործեց ոչինչ, ու շենքը պարզապես անգործության մատնվեց:

Երեւանում մանկապարտեզ հաճախելու համար հերթագրված երեխաների հարցն առայժմ մնում է հրատապ եւ վերջնական չլուծված: Մանկապարտեզ հաճախելու ենթակա երեխաները մնացել են սպասողական վիճակում՝ ե՞րբ կգա մանկապարտեզ ընդունվելու իրենց հերթը: Երեխաների ծնողները բողոքում են, բարձրաձայնում, իսկ քաղաքապետարանի ներկայացուցիչները հարցին լուծում տալու տարբերակներ փորձում գտնել՝ նշելով նաեւ խնդրի հիմնական պատճառները: Պատճառներից մեկն էլ այն է, որ մանկապարտեզների համար համապատասխան տարածքները չեն բավարարում, քանի որ տարբեր ժամանակներում որոշ մանկապարտեզների շենքերը վարձակալական հիմունքներով կամ առանց դրա զբաղեցրել են տարբեր կազմակերպություններ:

Ուստի եւ քաղաքային իշխանությունները դեռեւս երկու տարի առաջ նախաձեռնել էին մանկապարտեզներից օտարված տարածքները եւ շենքերը պետությանը վերադարձնելու եւ կրկին մանկապարտեզի կարիքներին ծառայեցնելու գործընթացը:

 

armtimes.com

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…