ՄԻԵԴ-ը ԵԽ Նախարարների կոմիտեին ծանուցել է Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների չկատարման մասին

MIED

 Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի 2-րդ մասի՝ 2021 թվականի մարտի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (յոթ դատավորներից կազմված Պալատի կազմով) որոշել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ծանուցել Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին զինված հակամարտության առնչությամբ 39-րդ կանոնի ներքո կիրառված հետևյալ միջանկյալ միջոցների վերաբերյալ.

  • երկու պետություններին հասցեագրված ընդհանուր միջոցներ պարունակող 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կայացված և նոյեմբերի 4-ին պարզաբանված որոշումը,
  • 2020 թվականի հոկտեմբերի 13-ից 2021 թվականի մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում համապատասխան Սեկցիայի Նախագահի կողմից կայացված 78 որոշումները, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից ենթադրաբար գերեվարված 249 հայերի առնչությամբ միջանկյալ միջոցի կիրառման դիմումներին: Նշված դիմումները ներկայացվել են Հայաստանի կառավարության կողմից «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» (գանգատ թիվ 42521/20) միջպետական գանգատի շրջանակում  եւ ենթադրաբար գերեվարված անձանց ազգականների կողմից՝ 62 անհատական դիմումներում:

Դատարանը Նախարարների կոմիտեին տեղեկացրել է, որ, համաձայն ՀՀ Կառավարության տրամադրած տեղեկատվության՝ վերոնշյալ անձանցից 58-ը վերադարձվել են 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի փետրվար ամիսների ընթացքում, իսկ 7 անձինք  գտնվել են մահացած (այնուամենայնիվ, 6 գործերով անհատ դիմումատուները պնդում են, որ իրենց ազգակցի մահվան փաստը հաստատող որևէ ապացույց չեն ստացել): 249 հայերից 72-ը դեռեւս գտնվում են Ադրբեջանում, որոնց գերության և պահման փաստը հաստատվել է Ադրբեջանի կառավարության կողմից: Ինչ վերաբերում է մյուս 112 անձանց, ապա Ադրբեջանի Կառավարությունը պնդում է, որ իրենք չեն կարողացել նույնականացնել այդ անձանց իրենց մոտ պահվող անձանց շրջանում:

39-րդ կանոնը կիրառվել է 249-ից 229 հայերի վերաբերյալ: Ինչ վերաբերում է մյուս 20 անհատներին, ապա նրանց վերաբերյալ 39-րդ կանոնի կիրառման քննությունը կասեցվել է կամ որևէ որոշում չի կայացվել, քանի որ վերջիններս այդ ընթացքում վերադարձված էին: Ադրբեջանի կառավարությունից պահանջվել է տրամադրել  հստակ տեղեկատվություն վերոնշյալ անձանց վերաբերյալ, այդ թվում՝ նրանց պահման պայմանների, բժշկական զննության  ենթարկելու, ինչպես նաև վերադարձնելու նպատակով արդեն իսկ ձեռնարկված, կամ նախաձեռնվող միջոցների վերաբերյալ:

2021 թվականի փետրվարի 19-ին Սեկցիայի նախագահը վերացրել է 41 հայ անձանց, ներառյալ 40 վերադարձվածների և որոնողական աշխատանքների արդյունքում աճյունը գտնված 1 անձի վերաբերյալ կայացված միջանկյալ միջոցները: Այսպիսով, 39-րդ կանոնի ներքո կիրառված միջոցների որոշումները ուժի մեջ են մնում Ադրբեջանի կողմից ենթադրաբար գերեվարված 188 անձանց վերաբերյալ:

Դատարանը որոշել է Նախարարների կոմիտեին ծանուցել իր կողմից կիրառված միջանկյալ միջոցների վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որ Ադրբեջանի կառավարությունը խախտել է քննարկվող անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար Դատարանի սահմանած ժամկետները և տրամադրել է ավելի ընդհանրական և սահմանափակ տեղեկատվություն:

Ամբողջական տեղեկատվության համար անհրաժեշտ է նկատել, որ 39-րդ կանոնի կիրառման դիմումներ Դատարանը ստացել է նաև Ադրբեջանի կառավարությունից՝ Հայաստանի կողմից ենթադրաբար գերեվարված 16 ադրբեջանցի անձանց վերաբերյալ: Նշված խմբից 12 անհատների գերի լինելու փաստը հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից, և այդ անձնինք 2020 թվականի դեկտեմբերին վերադարձվել են։ Մնացյալ 4 անձանց գերեվարությունը չի հաստատվել Հայաստանի կառավարության կողմից: Հաշվի առնելով Հայաստանի կառավարության կողմից տրամադրված տեղեկատվւթյան ամբողջական բնույթը՝ Դատարանը որոշել է չկիրառել 39-րդ կանոնը այս դիմումներից որևէ մեկի պարագայում, փոխարենը՝ կասեցրել է 39-րդ կանոնի ներքո իր քննությունը:

Դատարանը պահպանում է 39-րդ կանոնի կիրառման վերաբերյալ ապագայում ներկայացվող դիմումների նկատմամբ իր իրավասությունը: Արդեն իսկ կիրառված միջոցները ուժի մեջ են մնում մինչև հակառակի վերաբերյալ որոշման կայացումը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…