ՊԵԿ պարզաբանումը հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ

PEK

Պետական եկամուտների կոմիտեն անդրադարձել է Ռեստորանների հայկական միության տարածած հաղորդագրությանը՝ անհրաժեշտ համարելով պարզաբանել որոշ իրողություններ:
«Նախևառաջ ընդգծենք, որ ՊԵԿ-ը վաղուց է որդեգրել տնտեսվարողների գործունեությանը ստուգումների միջոցով անհարկի միջամտություններից խուսափելու քաղաքականությունը և որևէ հարկ վճարողի նկատմամբ առանց հիմքերի ստուգումներ կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չի իրականացնում: Կոմիտեն հսկողական գործողություններն իրականացնում է բոլոր ոլորտներում, առանց բացառությունների, օրենքի տառին և ոգուն համապատասխան՝ նպատակ ունենալով ստեղծել հարկային համահավասար պայմաններ յուրաքանչյուր տնտեսվարողի համար:
Հետևաբար, այս պայմաններում ստուգումներն անհարկի միջամտություն համարելը զուրկ է հիմքերից: ՊԵԿ-ը լիովին գիտակցում է հանրային սննդի ոլորտի կարևոր դերակատարությունը տնտեսության զարգացման և Հայաստանը ներկայացնելու գործում, բայց միաժամանակ չի կարող անուշադրության մատնել ՀՀ հարկային օրենսգրքի դրույթների խախտման հանգամանքները կամ նմանատիպ ռիսկերը:
Դիմելով հանրային սննդի ոլորտի տնտեսվարողներին՝ ՊԵԿ-ը հորդորում է լիարժեքորեն արտացոլել իրացման շրջանառությունները, օրենքով սահմանված կարգով ձևակերպել բոլոր աշխատակիցներին և ամբողջությամբ արտացոլել աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները հարկային մարմնին ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում, ինչպես նաև գործել բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանոններով:
Նշված պայմանների պահպանման դեպքում ՊԵԿ-ի կողմից լրացուցիչ հսկողական միջոցառումների, հետևապես և տնտեսվարողների շրջանում անհանգստության առիթներ չեն առաջանա:
Պետական եկամուտների կոմիտեն, գործընկերային մթնոլորտի պահպանման շրջանակում, լիահույս է, որ ոլորտի ներկայացուցիչներն ինքնուրույնաբար կփորձեն շտկել և օրենսդրության պահանջներին լիարժեքորեն համապատասխանեցնել իրենց գործունեության բոլոր ասպեկտները` այդ կերպ ամրապնդելով օրինապահ հարկ վճարողի վարքագիծը»,- ասվում է ՊԵԿ պազրաբանման մեջ:

 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story