ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի պատասխանները ԱԺ պատգամավորների հարցերին

Ayvazyan
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի պատասխանները ԱԺ պատգամավորների հարցերին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում
▪️Տաթևիկ Հայրապետյան. Պարոն նախարար, վերջերս մեր հանձնաժողովում Ձեզ հետ հանդիպման շրջանակներում Դուք շեշտեցիք, որ մեզ անհրաժեշտ է ուժեղ համանախագահություն, և խոսեցիք ԵԱՀԿ Մինսկի խմբի արդյունավետության և ակտիվության բարձրացման մասին: Երեկ համանախագահները համապատասխան հայտարարությամբ են հանդես եկել, նաև խոսել պատրաստակամության մասին՝ միջնորդելու քաղաքական երկխոսության վերականգման հարցում: Կցանկանայի Ձեր դիտարկումները լսել այդ հարցում և նաև հնարավոր երկխոսության վերականգնման վերաբերյալ Ձեր մոտեցումները:
▪️Արա Այվազյան. Առաջին՝ հայտարարության մեջ համանախագահները հստակ ընդգծում են, որ ժամանակն է ուշադրություն դարձնել հակամարտության վերջնական, համապարփակ և կայուն կարգավորմանը` կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա: Այս առնչությամբ ցանկանում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, որ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայտնի է և բազմիցս արտահայտվել է. այն է, որ միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և որը կորոշի Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, կարող է համարվել հակամարտության վերջնական կարգավորում:
▪️Երկրորդ՝ համանախագահները փաստում են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ բոլոր դրույթներն են կյանքի կոչվել, և կոչ են անում քայլեր ձեռնարկել՝ մարդասիրական իրավունքի շրջանակներում գերիների և պահվող այլ անձանց անհապաղ հայրենադարձության, Արցախ միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքի և մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության վերաբերյալ: Սա ևս մեկ անգամ միջազգային հանրության, այս անգամ՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով, հերթական կոչն է Ադրբեջանին՝ կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած հանձնառություններն ու միջազգային պարտավորությունները և հրաժարվել ապակառուցողական դիրքորոշումներից, որոնք կարող են վտանգի տակ դնել նոյեմբերի 9-ի հայտարարության ամբողջական իրականացումը:
▪️Երրորդ՝ համանախագահները կոչ են անում անհապաղ սկսել բարձր մակարդակով խորհրդակցություններ: Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանը երբեք չի խուսափել հանդիպումներից, բայց որպեսզի այդ հանդիպումները տեղի ունենան, նախևառաջ, պետք է ստեղծել պայմաններ նվազագույն վստահության համար և նաև ձևակերպել հստակ օրակարգ:
▪️Ադրբեջանն իր ռազմատենչ, ապակառուցողական, հայատյաց հայտարարություններով և դիրքորոշումներով խոչընդոտում է նման մթնոլորտի ձևավորմանը: Ես կարծում եմ, որ, վերհիշելով այն, ինչ ես ասել եմ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որ ուժեղ համանախագահությունը կարող է նպաստել այդ վստահության մթնոլորտի ձևավորմանը, առավել թիրախային հասցեագրել կողմերից մեկին, այս դեպքում՝ Ադրբեջանին, որ պետք է զերծ մնա հակահայկական թշնամական քարոզչությունից և գործողություններից:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…