Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ավստրիա բուժման մեկնող զինվորականներին

Zinvorner
 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 16-ին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է արցախյան երկրորդ պատերազմում տարբեր աստիճանների վիրավորումներ ստացած հինգ զինվորականների, որոնք առաջիկա օրերին կմեկնեն Ավստրիա` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակության նախաձեռնությամբ ու աջակցությամբ ստանալու անհրաժեշտ հետագա բժշկական օգնությունը և վերջույթների պրոթեզավորումը: Ծրագրի առաջին փուլում բուժում կստանան հինգ զինվորականներ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: 
Հանդիպումը սկսվել է Տերունական աղոթքով, այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, բ․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Չարչյանը Նորին Սրբությանը ներկայացրել է բուժման մեկնող զինվորականներին՝ տեղեկացնելով, որ Հայաստանի տարբեր բուժհաստատություններում արվել է առավելագույնը հայրենյաց պաշտպանների կյանքը փրկելու համար։ Պարոն Չարչյանը հաստատել է նաև, որ վիրավորումներ ստացած հայորդիները կարիք ունեն լրացուցիչ բուժման, որպեսզի նրանց ապաքինումը լինի առավել արդյունավետ ու ամբողջական։ Այս առիթով պարոն Չարչյանն իր երախտագիտությունն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակությանը հայ համայնքի ջանքերով և միջեկեղեցական կառույցների օժանդակությամբ հայորդիների հետագա բուժումը Վիեննայի լավագույն բուժհիմնարկներում կազմակերպելու գործում։
Իր հայրական օրհնությունը փոխանցելով քաջարի զինվորականներին՝ Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքն է բերել նրանց՝ հայրենիքին մատուցած անձնվեր ծառայության և պատերազմի օրերին դրսևորած հերոսական ոգու և դիմակայության համար։ Նորին Սրբությունը փաստել է, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր զավակ երախտապարտ է և ըստ ամենայնի արժևորում է նրանց՝ ի սեր հայրենիքի դրսևորած անձնազոհ քաջագործությունները։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատել է նաև, որ Հայ Եկեղեցին անցնող տարիներին իր աջակցությունը ցուցաբերել է նախկինում վիրավորում ստացած հայրենյաց պաշտպաններին՝ ջանալով նպաստել նրանց բնականոն կյանքի վերականգնմանը։
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը տեղեկացրել է, որ Մայր Աթոռը իր աշխարհասփյուռ թեմերի ու համայնքների միջոցով ամեն ջանք ի գործ պիտի դնի՝ շարունակելու ըստ անհրաժեշտության կազմակերպել տարբեր վիրավորումներ ստացած զինվորականների բուժումն արտերկրի բուժհաստատություններում։ Նորին Սրբության ցանկությունն էր, որ լրացուցիչ բուժումը օգնի հայորդիներին՝ հաղթահարելու առկա խնդիրները և ապաքինվելով վերադառնալու ազգին և հայրենքին իրենց ծառայությանը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է զինվորականներին՝ մաղթելով բարի ապաքինում և շուտափույթ վերադարձ հայրենիք:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…