Ավարտվել է «Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ քրեական գործով նախաքննությունը

aac

 ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա.Ն-ն 2021 թվականի մարտին պաշտոնատար անձ հանդիսացող, նույն ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության մայոր Ա.Հ-ին խնդրել է որդուց ստանալ և իրեն փոխանցել կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով արգելված բջջային հեռախոսներ, վերջիններիս համար նախատեսված պարագաներ և ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատի քարտ՝ խոստանալով ակնհայտ ապօրինի հիշյալ գործողության համար կաշառք տալ, որն ընդունվել է պաշտոնատար անձի կողմից: 

Այնուհետև, Ա.Ն-ն, պարտավոր լինելով դաստիարակելու իր անչափահաս երեխային՝ Վ.Ն-ին, պատասխանատվություն կրելով նրա դաստիարակության և զարգացման համար, օգտագործելով որպես ծնող՝ անչափահաս որդու մոտ ունեցած հեղինակությունը, ՔԿՀ-ից զանգահարել է  նրան՝ պատվիրելով հանդիպել Ա.Հ-ին և նրան տալ նշված արգելված առարկաներն ու կաշառքի գումարը՝ այդ կերպ անչափահաս որդուն ներգրավելով հանցագործության՝ կաշառքի միջնորդության կատարմանը:

Արդյունքում անչափահաս որդու միջնորդությամբ Ա.Ն-ն 2021 թվականի մարտի 17-ին և 18-ին Ա.Հ-ին է տվել կաշառքի գումարը, որի դիմաց վերջինս Վ.Ն-ից ստացել և դատապարտյալ Ա.Ն-ին է փոխանցել մի շարք արգելված առարկաներ, որոնց մի մասը Ա.Հ-ի մոտ հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից իրականացրած համատեղ միջոցառումների արդյունքում:

Բացի այդ, Ա.Հ-ն, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, դատապարտյալ Ա.Ն-ի հետ ունեցած հարաբերությունները պահպանելու և ամրապնդելու շարժառիթով կատարել է ակնհայտ ապօրինի գործողություն և 2021 թվականի մարտի 15-ին «Արմավիր» ՔԿՀ է տեղափոխել ու վերջինիս հանձնել արգելված առարկաներ՝ երկու բջջային հեռախոս, Wi-Fi համացանցային կապի շարժական մոդեմ և հեռախոսի լիցքավորիչ՝ այդպիսով էական վնաս պատճառելով ծառայության հեղինակությանն ու օրինական շահերին:

2021 թվականի մայիսի 26-ին հիշատակված 3 անձանց մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…