Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա

shghta

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի, որոնցից մեկն ԻԻՀ քաղաքացի է:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են այն անձանց ինքնությունը, ովքեր փորձել են ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով «Հերոին» և «Ափիոն» տեսակի թմրամիջոցները:

Քննության տվյալներով՝ 2021թ. փետրվարին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3065 գրամ «Հերոին» և 1951.3 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոցները տեղադրել է Սյունիքի մարզի Ալվանք-Շվանիձոր գյուղ տանող ավտոճանապարհահատվածում՝ փայտե էլեկտրասյան և դրա հենակի միջնամասում՝ հողածածկի տակ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներն իրացնելիս  պարզվել է, որ վերոհիշյալ անձը, դրամական աջակցություն ստանալու խոստմամբ, քննությամբ դեռևս չպարզված անձի հետ համաձայնություն է ձեռք բերել՝ նշված թաքստոցում պահված թմրամիջոցներն այլ վայրեր տեղափոխելու շուրջ:

Մանրակրկիտ մշակված  միջոցառման շրջանակներում «Հերոին» տեսակի թմրամիջոցի փաթեթների նմանակները  տեղադրվել  են Երևան-Արտաշատ մայրուղու տարբեր հատվածներում, որից հետո թմրամիջոցներն իրացնողից տեղեկանալով թաքստոցների վայրերի մասին, հայտնել է Երևանում բնակվող ԻԻՀ 49-ամյա քաղաքացուն, ով թմրամիջոցները վերցնելու պահին ձերբակալվել է:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել է նույն մեխանիզմով կատարված ևս մեկ դեպք:

2021թ. փետրվարի 23-ին նույն եղանակով և, քննության տվյալներով, նույն անձից առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1951.3 գրամ «Ափիոն» և 730 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցներ է ցանկացել ձեռք բերի Երևանի 37-ամյա բնակչուհին, ինչի մասին հայտնի է դարձել իրավապահներին:

Բջջային հեռախոսի հավելվածների միջոցով ստացված նկարներից տեղեկանալով թմրամիջոցների գտնվելու վայրի մասին, դրանք վերցնելու համար կինը պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ տղամարդու հետ։ Վերջինս, ըստ տրված ցուցումների, մեկնել է թմրամիջոցի թաքստոցի գտնվելու վայր, հայտնաբերել տեղադրված հիշյալ թմրամիջոցների փաթեթների նմանակները, վերցրել դրանք, սակայն նույն պահին բռնվել է իրավապահների կողմից:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Իրանի 49-ամյա քաղաքացուն և Երևանի 37-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանց վերաբերյալ մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Թմրամիջոցներն ապօրինի իրացնողի կամ իրացնողների մասով նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր շղթային մասնակից հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…