Նման ճեղքման համար խոցելի ուղղություններից մեկը հենց Հայաստանն ու Արցախն են. Վարդան Ոսկանյան

Voskanyan
Իրանագետ Վարդան Ոսկանյանը իր  ֆեյսբուքյան էջում գրել է .
Թվում է, թե Տաջիկստանի հետ Աֆղանստանի սահմանային Շերխան Բանդար անցակետի վերահսկողության անցումը թալիբներին մեզանից շատ հեռու տեղի ունեցող և մեզ հետ որևէ առնչություն չունեցող մի իրադարձություն է։
Մինչդեռ Կենտրոնական Ասիայում իրավիճակի ապակայունացման ցանկացած փորձ, իսկ թալիբների հայտնվելը Տաջիկստանի հետ սահմանային անցակետում հենց այդպիսի գործընթաց է, ուղղակիորեն միտված է Ռուսաստանի դեմ, որի ներկայությունը Հայաստանում և Արցախում այս պահին, ցավալիորեն, միակ իրական զսպող գործոնն է ադրբեջանաթուրքական դաշինքի համար։
Եթե մի փոքր ավելի ընդլայնենք մեր տեսահորիզոնը, ապա կստանանք մի պատկեր, որտեղ թալիբների այժմ անդրկուլիսյան աջակից Պակիստանը, օրըստօրե սերտացնելով նաև ռազմական կապերը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ և փաստացիորեն մասնակցելով 44-օրյա պատերազմին, արդեն իսկ ներգրավված է հակառուսական ճակատում, ոչ միայն Կենտրոնական Ասիայում, այլ նաև Հարավային Կովկասում։
Այսինքն, ըստ էության, տարբեր բաղադրիչներով գործում է մեկ միասնական ծրագիր, որի նպատակը Ռուսաստանի համար միանգամից մի քանի ճակատներ բացելն է, ինչի հետևանքով Մոսկվայի համարժեք արձագանքի ռեսուրսները կարող են և չհերիքել՝ հանգեցնելով ճեղքման։
Ընդ որում, նման ճեղքման համար խոցելի ուղղություններից մեկը հենց Հայաստանն ու Արցախն են, որտեղ եթե Ռուսաստանի համար լուծվելու է նահանջի կամ ընդլայնման խնդիր, ապա մեզ համար վճռվելու է մեր պետականության լինելիության հարցը։
Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Ուղղակի ոչինչ։ Մուրճի թափահարումներ և պոպուլիզմի հնարավոր մեծ չափաբաժին, այն դեպքում, երբ Հայաստանն ու Արցախը խոշոր աշխարհաքաղաքական շահերի մուրճի և զնդանի արանքում են։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…