Մոսկվայի ու Բաքվի դիրքորոշումները համընկնում են «Զանգեզուրի միջանցքի» հարցում. Ալիև

hamynknum en

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Մոսկվայի ու Բաքվի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հարցում համընկնում են՝ Ադրբեջանն ու ՌԴ-ն համարում են, որ հակամարտությունն ավարտված է։ Այս մասին Ալիևն ասել է ադրբեջանական AZTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ հուլիսի 20-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տարածաշրջանում իրավիճակը։ «Մենք քննարկել ենք հետպատերազմական իրավիճակը տարածաշրջանում, ներառյալ «Զանգեզուրի միջանցքն» ու հետկոնֆլիկտային իրավիճակը։ Մենք մոտեցումների հարցում տարաձայնություններ չունենք։ Մենք՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը, գտնում ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունն ավարտվել է»,- ասել է Ալիևը։ Նրա խոսքով՝ պատերազմի ռիսկերը պետք է նվազագույնի հասցվեն ու վերացվեն։ «Այս հարցում մենք տարաձայնություններ չունենք, մենք նույն կարծիքն ունենք։ Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա ես տեղեկացրի պարոն Պուտինին, որ Հայաստանը այդ հարցում անկեղծ չէ։ Պարոն Միշելի հետ մամուլի ասուլիսում ես ասացի, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցման ուղիները պետք է միաժամանակ բացվեն ու ընտրողական մոտեցում չպետք է կիրառվի»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Նա նաև հավելել է, որ, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, ինչպես նախատեսված է 2020թ-ի նոյեմբերի 10 հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Ալիևի հիշատակած հայտարարության մեջ, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ կետ իրականում չկա։ Հայտարարության մեջ հիշատակում կա միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին։ Բացի այդ, Իլհամ Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը հունիսից դադարեցրել է փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Խոսելով ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերությունների մասին՝ Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Բաքուն ու Մոսկվան ռազմավարական գործընկերներ են և չունեն տարաձայնություններ երկարատև ռազմավարական համագործակցության հարցում։ «Մենք շատ ամուր ընկերական կապեր ունենք, և անձամբ ես պարոն Պուտինի հետ ունեմ շատ մտերիմ հարաբերություններ, մենք քաղաքական գործիչներ ենք, որոնք հավատում են միմյանց։ Դա շատ կարևոր է, և իմ վերջին այցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր»,- ասել է Իլհամ Ալիևը։

Էմմա Չոբանյան

 factor.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…