5 խորհուրդ այն մասին, թե ինչ պետք չէ անել ռեզյումե գրելիս

CV

 Այսօր շատ կայքեր և հավելվածներ թույլ են տալիս ստեղծել ռեզյումե օնլայն, և թվում է, թե ռեզյումե կազմելու հետ կապված այլևս ոչ մի խնդիր չկա. ձևավորումն ու կառուցվածքը պատրաստ է, մնում է միայն լրացնել համապատասխան տվյալները: Ու թեև բավական հեշտ է անվճար ստեղծել ռեզյումե առցանց, այնուամենայնիվ, կարևոր է ուշադրություն դարձնել որոշ հանգամանքների, որոնց անտեսումը կստիպի գործատուին շրջանցել ձեր ռեզյումեն: Եւ այսպես, հինգ խորհուրդ այն մասին, թե ինչպես կազմել գրագետ ռեզյումե և խուսափել տարածված սխալներից:

  1. Թերի կոնտակտային տվյալներ կամ դրանց բացակայություն: Սա թերևս ռեզյումեի ամենակարևոր կետերից մեկն է: Պատկերացրեք, գործատուն հավանություն է տվել ձեր թեկնածությանն ու փորձում է հրավիրել հարցազրույցի, սակայն պարզվում է, որ հեռախոսահամարն անհասանելի է: Էլկտրոնային փոստով կապվելու տարբերակ չկա, քանի որ չեք նշել: Եվ դուք կորցնում եք պոտենցիալ աշխատանքը: 

Նման իրավիճակում չհայտնվելու համար նշե՛ք առնվազն երկու հեռախոսահամար, որով կարող են կապվել ձեզ հետ, քանի որ հնարավոր է՝ ինչ-որ պահի դրանցից մեկնումեկը տեխնիկական պատճառներով հասանելի չլինի: Համոզվե՛ք, որ հեռախոսահամարները ճիշտ եք նշել: Եթե որպես երկրորդ հեռախոսահամար նշում եք ընկերոջ, կնոջ, ամուսնու կամ ծնողների հեռախոսահամարները, անպայման զգուշացրե՛ք նրանց, որ հնարավոր է զանգ ստանան, այլապես գործատուից զանգ ստանալով՝ հնարավոր է շփոթվեն և շփոթության մատնեն նաև գործատուին՝ ձախողելով աշխատանք ստանալու ձեր հնարավորությունը:

Եթե չունեք էլեկտրոնային փոստ, անպայման ստեղծեք և ներառեք ձեր ռեզյումեի մեջ: Որոշ գործատուներ նախընտրում են կապը պահել էլեկտրոնային փոստի միջոցով: Հիշե՛ք, որ էլեկտրոնային փոստի հասցեն նույնպես պետք է ներկայանալի լինի. anu.lik78.00@yandex.ru, janhoparjanjan@rambler.ru և նմանատիպ հասցեներն անլուրջ տպավորություն են թողնում:

    1. Անհամապատասխան լուսանկար: Լուսանկարը գործատուին օգնում է պատկերացում կազմել թեկնածուի մասին, հասկանալ, թե ում հետ է գործ ունենալու, հետևաբար և՝ նպաստում հարցազրույցի կանչելու հավանականությանը: Սա, իհարկե, այն դեպքում, երբ ռեզյումեում տեղադրված է ճիշտ լուսանկար: Ոչ տեղին լուսանկարներն, ընդհակառակը, նվազեցնում են հարցազրույցի հրավիրվելու հավանականությունը: Ռեզյումեի մեջ պետք չէ տեղադրել լուսանկար, որտեղ դուք երեկոյան սանրվածքով և դիմահարդարմամբ եք, պետք չէ կտրել ընկերական հավաքույթի խմբակային նկարներից հատվածներ, որտեղ ձեր դեմքը կիսով չափ է երևում, կամ երևում են ընկերների ուսերը, մազերը և այլն: Տեղադրե՛ք պարզ լուանկար, որում դուք կոկիկ տեսք ունեք, հագնված եք առօրյա աշխատանքային հագուստ՝ ոչ շքեղ, և ոչ էլ սպորտային կամ առտնին:

 

  • Հաստիքին չհամապատասխանող ռեզյումե: Մի՛ ուղարկեք ռեզյումե այն հաստիքի համար, որին չեք համապատասխանում: Եթե որոշել եք կազմել cv, համոզվեք, որ այն ուղարկելու եք ձեր փորձին ու հմտություններին համապատասխանող հաստիքի համար: Նախքան ռեզյումեն ուղարկելն ուսումնասիրե՛ք պահանջվող հաստիքը, համոզվե՛ք, որ պատկերացնում եք տվյալ աշխատանքը, ծանոթ եք աշխատանքային պարտականություններին և համապատասխանում եք գործատուի ներկայացրած պահանջներին: Փորձե՛ք ճիշտ գնահատել իրավիճակը, հիշե՛ք, որ գործատուներին կարող է նյարդայնացնել աննպատակ ու անհամապատասխան ռեզյումեն:
  • Առանց թեմայի և ուղեկցող նամակի, անանուն ռեզյումե: Էլեկտրոնային փոստով ուղարկված ռեզյումեներն անլուրջ տպավորություն են թողնում, երբ բաց է թողնվում թեմայի դաշտը: Միևնույն տպավորությունն է, երբ նամակի մեջ չկան ուղարկվողի տվյալները, իսկ ռեզյումեի ֆայլ էլ կրում է, օրինակ, CV(3).pdf, resume(1).doc և նմանատիպ անվանում: Սա կարծես հուշում է գործատուին, որ ուղարկողը լուրջ չի մոտենում իր իսկ դիմումին և ռեզյումեն ուղարկել է հենց այնպես: Բնականաբար, համապատասխան ռեակցիա է առաջանում նաև գործատուի մոտ, որը կարող է պարզապես անտեսել ձեր դիմումը: Ռեզյումեն ուղարկելիս անպայման թեմայի դաշտում նշե՛ք հաստիքը, որի համար դիմում եք: Նամակի դաշտում կարող եք մեկ-երկու նախադասությամբ ներկայանալ և նշել, թե ինչու եք դիմում տվյալ աշխատանքի համար: Ռեզյումեի ֆայլը նույնպես անվանափոխեք, ավելացրեք ձեր անունը, օրինակ՝ CV_MariamMuradyan.pdf, resume_KarenKarapetyan.doc: Այս ամենը հուշում են, որ դուք լուրջ եք վերաբերվում ձեր դիմումին և գործատուին էլ տրամադրում են հարգանքով վերաբերվելու ձեր հայտին:
  • Սխալ, չափազանցված տվյալներ: Հաճախ տպավորություն թողնելու համար շատ դիմորդներ ստեղծում են ճոխ ռեզյումե՝ ներկայացնելով չափազանցված տվյալներ: Հիշե՛ք, որ այն ամենը, ինչը ներկայացնում  եք ռեզյումեի մեջ, մի օր պետք է ցույց տաք գործնականում: Հարցազրույցի ժամանակ կամ հենց աշխատանքի ընդունվելուն պես ամոթով չմնալու համար եղեք ազնիվ ու ադեկվատ գնահատեք սեփական փորձն ու հմտությունները: Նշե՛ք այն գիտելիքներն ու հմտությունները, որոնց իսկապես տիրապետում եք, այլ ոչ թե լսել եք ականջի ծայրով: Փորձե՛ք  կենտրոնանալ այն փորձի և հմտությունների վրա, որոնք առավել համապատասխանում են այն հաստիքին, որի համար դիմում եք:

 

Հուսով ենք, որ նշված խորհուրդները կօգնեն գտնել ձեր երազանքի աշխատանքը: Միշտ լավատես եղեք և ձգտեք կատարելության:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…