Սուքիասյանների ավիաընկերությունը դիմել է քաղավիացիային՝ թռիչքների իրավունք ստանալու համար

Suqiasyan

 Մարտի 18-ին պետական գրանցում ստացած «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությունն արդեն հաջորդ օրը՝ մարտի 19-ին, դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտե՝ օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստանալու նպատակով: Հիշեցնենք, որ այս վկայականն է այն փաստաթուղթը, որն իրավունք է տալիս զբաղվել կոմերցիոն փոխադրումներով: Այսինքն՝ քանի դեռ տվյալ ընկերությունը չունի ՕՇՎ, նա չի կարող կանոնավոր կամ ոչ կանոնավոր (չարտերային) առեւտրային թռիչքներ իրականացնել:

ՔԱԿ-ից «Հետքը» տեղեկացել է, որ ավիաընկերության ՕՇՎ ստանալու հայտը եւ դրան կից փաստաթղթերը ներկայում գտնվում են կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների կողմից ուսումնասիրման եւ քննարկման փուլում:

«Ֆլայուան Արմենիայի» մասին «Հետքն» արդեն գրել է: Սա ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի եւ մոլդովական «Fly One» ավիաընկերության համատեղ բիզնեսն է:

ՍՊԸ-ի ավելի քան 50 %-ը, ինչպես պահանջում է «Ավիացիայի մասին» օրենքը, պատկանում է ՀՀ քաղաքացիների, սակայն Սուքիասյաններն անվանապես ներկայացված չեն ընկերությունում: Հայկական կողմին պատկանող 54 %-ը գրանցված է երեւանցիներ Արմեն Սիրունյանի (24,5 %), Հակոբ Ալեքսանյանի (24,5 %) եւ Լարիսայի Սահակովայի (5 %) անուններով:

Մնացած 46 %-ը պատկանում է մոլդովական «Fly One» ավիաընկերությանը, որը հիմնադրվել է 2015-ին եւ թռիչքներ է կատարում 2016-ից: Այս ընկերությունը պատկանում է մոլդովացի 2 նախկին պաշտոնյաների ընտանիքների, որոնք այն կիսում են 50-50 համամասնությամբ: Այսպես՝ 40 %-ի սեփականատերը Մոլդովայի արդարադատության նախկին նախարար, այդ երկրի քաղավիացիայի գերատեսչության նախկին ղեկավար ու նախկին պատգամավոր Վլադիմիր Չեբոտարի կինն է՝ Մարիա Չեբոտարը, իսկ 10 %-ինը՝ Չեբոտարի քույրը՝ Մարիանա Տաբույկեն: «Fly One»-ի մնացած 50 %-ը պատկանում է Մոլդովայի քաղավիացիայի գերատեսչության նախկին ղեկավար Միրչա Մալեկայի ընտանիքին: Դրանից 10 %-ը գրանցված է հենց Մալեկայի անունով, իսկ 40 %-ը՝ նրա նախկին կնոջ՝ Ինա Մալեկայի: Նկատենք, որ Միրչա Մալեկան է «Ֆլայուան Արմենիայի» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը:

Եվս մի նոր ավիաընկերություն՝ փոստային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից այս տարվա մայիսի 10-ին հիմնադրված «Հայփոստ Էյր» ՓԲԸ-ն, ինչպես տեղեկացել ենք ՔԱԿ-ից, դեռ չի դիմել կոմիտեին՝ ՕՇՎ ստանալու համար: Նկատենք, որ դեռ ապրիլին «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը հայտարարել էր, որ նորաստեղծ փոխադրողը նախատեսում է երկինք բարձրանալ առաջիկա 6 ամիսների ընթացքում: Անցել է արդեն 5 ամիս, սակայն ՔԱԿ-ը «Հայփոստ Էյրից» ՕՇՎ ստանալու հայտ չի ստացել:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…