Դավիթ Տոնոյանն ու Դավիթ Գալստյանը ձերբակալվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ

Dzerbakalvel

  Ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու   ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո):

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից՝ հավելելով, որ նրանք ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ ավելի քան 2,2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ կատարելու մեղադրանքով: Քրեական հետապնդումներ են հարուցվել նաև ՀՀ զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ:

ԱԱԾ հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

 ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դ.Տ-ն, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ.Գ-ն: Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Բացի այդ, քրեական գործի շրջանակներում նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել նաև ՀՀ զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ պետության առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու հանցավոր մեխանիզմի ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ պաշտոնատար անձանց գործողություններն անհատականացնելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:

Հաշվի առնելով քրեական գործով հանրությանը թույլատրելի չափով իրազեկելու առաջնահերթությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ պարբերաբար իրազեկումների ձևով տեղեկատվություն կտրամադրվի հանրային հնչեղություն ունեցող սույն քրեական գործի նախաքննության ընթացքի և դրա արդյունքների վերաբերյալ:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն անհանդուրժողական ու հետևողական պայքար է տանելու պետականության հիմքերը թուլացրած, ՀՀ զինված ուժերի համար անորակ և տեխնիկական նորմերին չհամապատասխանող զենք-զինամթերքի ձեռքբերման և այդ գործընթացներում թույլ տրված ապօրինությունների բացահայտման, մեղավոր բոլոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու և պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…