«Պատիվ ունեմ» դաշինքից Իշխան Զաքարյանի դուրս գալը կարող է շարունակություն ունենալ․ 1in.am

Ishxan Zaqaryan

  Իշխան Զաքարյանն արդեն չի հերքում, որ դուրս է գալիս «Պատիվ ունեմ» խմբակցությունից՝ պահպանելով ընդդիմադիր գործչի իր կերպարը: Նա խոստացել է երկուշաբթի հանդես գալ հայտարարությամբ: Դրանից առաջ էլ «Հայաստան» խմբակցությունից Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանն էր վայր դրել մանդատը: Արդեն խոսակցություններ են հնչում, որ խորհրդարանական ընդդիմությունը խմբերի է բաժանվում, պառակտվում է:

Այս թեմային անդրադառնալով, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նկատեց, որ այնպես չէ, որ հենց սկզբից էլ կար տպավորություն, որ խորհրդարանական ընդդիմությունը համախմբված չէ, առաջին հերթին այն պատճառով, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները իրարից տարբերվող քաղաքականություն էին վարում, թեև հասկանալի է, որ շատ հարցերում, հատկապես իշխանության դեմ ուղղված գործողություններում համատեղ էին հանդես գալիս. «Կարելի է նշել, որ նման մոտեցումը հավանաբար կոնկրետ «Պատիվ ունեմ» դաշինքի ներսում որոշակի դժգոհություններ է առաջ բերել: Հաշվի առնելով թե Մհեր Սեդրակյանի որդու՝ մանդատը դնելը, թե Իշխան Զաքարյանի խմբակցությունից դուրս գալը, կարելի է ասել, որ սա կարող է լինել շարունակական գործընթաց, քանի որ չի նկատվում օրակարգերի ընդհանրություն երկու ընդդիմադիր խմբակցությունների, և ընդհանրապես նրանց քաղաքական գործունեության միջև: Տեսեք, եթե «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է ինչ-որ համախմբման մեկնարկի մասին, ցույցեր սկսելու մասին, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամների կողմից մենք դեռևս էական աջակցության մասին չենք լսել: Կարելի է ասել, որ այստեղ կան հավանաբար  մարտավարական հակասություններ, որոնք  էլ որոշ անդամների մոտ տարակուսանք են, հավանաբար, առաջ բերում, ինչն էլ ի վերջո, հանգում է քաղաքական ապահարզանի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է տեսակետին, որ Իշխան Զաքարյանը կարծես  նախընտրում է հեռանալ Սերժ Սարգսյանի առաջնորդած քաղաքական շրջանակից, Ռոբերտ Ղևոնդյանն ասաց. «Այստեղ ամեն ինչ կախված է ոչ թե և ոչ այնքան անձամբ Սերժ Սարգսյանի գործոնից, որքան ընդհանուր առմամբ այդ քաղաքական ուժի դիրքավորումից, որը կարծես թե, արմատական, հակաիշխանական դաշտից որոշակի տարածություն է պահում: Սա, հավանաբար, դուր չի գալիս այն գործիչներին, որոնք անդամակցել են տվյալ քաղաքական ուժին, ենթադրելով, որ նրանք նույնպես այն գծի մեջ են, ինչ գծի մեջ է «Հայաստան» դաշինքը: Այստեղ էլ, ամենայն հավանականությամբ, կոնկրետ Իշխան Զաքարյանի դեպքում չեն համընկնում մոտեցումները: Կարող ենք նաև մի փոքր փակագծերը բացելով ասել, որ հավանաբար, Իշխան Զաքարյանը նաև անձնական, անհատական ակնկալիքներ ուներ, որոնք չեն ապահովվում կոնկրետ այդ քաղաքական ուժի շրջանակներում»:

Քաղաքագետի կարծիքով, եթե ամեն ինչ այսպես շարունակվի, լինելու են լուրջ խնդիրներ այդ երկու ուժերի շարքերում. «Այնուամենայնիվ, մի բան հաշվի առնենք, որ այն արմատական միջուկը, որն ընկած է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներում, բավականին նշանակալի է և փոքր հավանականություն կա, որ այդ միջուկը կարող է խարխլվել: Այսինքն 1-2 հոգու հեռանալը, այնուամենայնիվ, դժվար թե բերի խմբակցությունների քայքայմանը: Կարծում եմ՝ մինչև հաջորդ ընտրությունները՝ անկախ նրանից, թե դրանք կլինեն հերթական, թե արտահերթ, նշված խմբակցություններն իրենց գործունեությունը կկարողանան շարունակել: Իհարկե, այլ հարց է, թե այդ գործունեությունն ինչին է միտված, դեպի ուր է գնում: Հենց այդ հարցից էլ դուրս են գալիս նման խնդիրները, երբ մարդիկ այլևս չեն ցանկանում աշխատել:  Ժամանակի ընթացքում, այնուամենայնիվ, նշված երկու խմբակցություններն էլ կկարողանան պահպանել իրենց դիրքերը խորհրդարանում»,-ընդգծեց Ղևոնդյանը:

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…