Եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից արցախահայության նկատմամբ կատարվել է 56 հանցագործություն․ Արցախի դատախազություն

Arcakhahayutyun

  2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը դադարեցրեց ակտիվ ռազմական ագրեսիան` հետագա գործողություններով անցնելով արցախահայությանն ահաբեկելու և Արցախը հայաթափելու ծրագրի իրագործմանը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության դատախազությունը։

«2020 թ. նոյեմբերի 10-ից առ այսօր Արցախի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայրերին հարակից հատվածներում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախահայության նկատմամբ կատարվել է 56 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 43 քրեական գործ: 

Ընդհանուր առմամբ՝ արձանագրվել է սպանության 3 (քաղաքացիական անձանց սպանության` 2), սպանության փորձի 23 (որից 17-ը` ուղղված զինվորականների դեմ), ահաբեկչական գործողության 1, հրազենի գործադրմամբ գույքի ոչնչացման 12 (որից 8-ը` ռազմական գույքի ոչնչացում կամ վնասում), գույքի ոչնչացման ու վնասման փորձի 5, գողության 3, կողոպուտի 2, գերեզմանները ոչնչացնելու 3, խոշտանգման 2, սպանության սպառնալիք տալու և մարդու առևանգման 1-ական դեպքեր:
Սպանվել է 2 քաղաքացիական անձ և 9 զինվորական, սպանության փորձի ենթարկվել 68-ը (44 զինվորական), տարբեր աստիճանի հրազենային վիրավորում է ստացել 37 անձ (28 զինվորական), ֆիզիկական բռնության է ենթարկվել 6-ը, սպանության սպառնալիքի` 2-ը:
Արցախցիների սեփականության իրավունքի դեմ ուղղված հանցավոր ոտնձգությունների հետևանքով հափշտակությամբ (գաղտնի և բացահայտ) ֆիզիկական անձանց պատճառվել է 17.710.000 դրամի գույքային վնաս (հափշտակվել են խոշոր եղջերավոր անասուններ և մեկ տրանսպորտային միջոց):
 
Գույքի դիտավորյալ ոչնչացմանը կամ վնասմանն ուղղված հանցավոր դիտավորության իրագործման հետևանքով խոցվել կամ թիրախավորվել է 5 բնակելի տուն, 3 գյուղատնտեսական տեխնիկա, 7 տրանսպորտային միջոց (6-ը` ռազմական), շինարարական 2 տեխնիկա, հրկիզվել է 3 այգի ու ցանքատարածք, հրազենի գործադրմամբ հեռահար թիրախավորվել է խոշոր եղջերավոր անասունների 1 խմբաքանակ:
Վերոհիշյալ հանցավոր դեպքերից բացի, 2020 թ. նոյեմբեր ամսից սկսած Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջանների գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար տարբեր հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել մոտակա բնակավայրերի ուղղությամբ կամ օդ, որի հետևանքով հաճախ գնդակները թափվել են բնակարանների տանիքներին կամ բակերում:
Վերը ներկայացված վիճակագրությունը փաստում է, որ եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը պարբերաբար խախտել է «Հայտարարության» 1-ին կետում նշված` «կրակի ու ռազմական գործողությունների լիակատար դադարեցման» պահանջը` շարունակելով հայատյաց ու հայասպան քաղաքականությունը: Դեպքերի հաջորդականությունն ու արտահայտման ձևերը վկայում են, որ դրանց բուն նպատակն ահաբեկչական է, որից արցախցուն պաշտպանող միակ գործոնն այս պահին ռուս խաղաղապահն ու հայ զինվորն է»,- ասված է հաղորդագրության մեջ: 

 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…