Պատրաստ են «Տաշիր պիցցա»-ից վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները

Nmushner

 2021 թվականի նոյեմբերի 4-9-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության բռնկում, որի ընթացքում հիվանդացած 179 անձից 35-ը 0-18 տարեկան են: Հիվանդներից 82-ը հոսպիտալացվել են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», 76-ը՝ «Արմենիա» ԲԿ-ում, 12-ը՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում», 1-ը՝ «Արարատ» ԲԿ-ում, 2-ը՝ «Մարտունի» ԲԿ-ում, 4-ը՝ «Աբովյան» ԲԿ-ում և 2-ը՝ «Իջևան» ԲԿ-ում: 09.11.2021 թ. դրությամբ՝ հիվանդանոցներից դուրս է գրվել 111 հիվանդ, ստացոնար բուժում ստանում են 64-ը, որից 26-ը՝ մինչև 18 տարեկան:        

Դեպքին անմիջապես արձագանքել են թե՛ ԱՆ ՀՎԿԱԿ, թե՛ ՍԱՏՄ տեսուչներն ու մասնագետները:

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իրականացրած համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդներն օգտվել են հանրային սննդի «Տաշիր պիցցա» ցանցի մասնաճյուղերում մատուցվող սննդից:

«Տաշիր պիցցա» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի կազմակերպություններում, լաբորատոր հետազոտությունների նպատակով, իրականացվել է շրջակա միջավայրի և սննդամթերքի ու կենսանմուշների նմուշառում:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում խմելու ջրի 4 նմուշում շեղումներ չեն հայտնաբերվել, մակերեսներից վերցված լվացուկների 40 նմուշից 14-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), աշխատակիցներից վերցված մանրէակրության վերաբերյալ 24 կենսանմուշից երկուսում հայտնաբերվել է salmonella enteritidis, ստաֆիլակոկակրության վերաբերյալ քիթ-ըմպանից վերցված 26 քսուքից՝ 9 աշխատակցի մոտ անջատվել է ստաֆիլակոկ:

Սննդամթերքի 16 նմուշից մանրէաբանական հետազոտության արդյունքում 3-ում հայտնաբերվել է ստաֆիլակոկ և սալմոնելա (հավի մսից՝ staphylococcus aureus, «կեսար» աղցանի, սոուսի, մարինացված սնկի, երշիկի, կտրատած երշիկի, եփած սնկի, քերած պանրի, հավով միջուկի մեջ՝ salmonella enteritidis):

«Ինֆեկցիոն ազգային կենտրոնում» հոսպիտալացված  հիվանդներից վերցված կղանքի 9 նմուշից 7-ում և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում» հոսպիտալացվածներից վերցված 5 նմուշից 4-ում հայտնաբերվել է salmonella enteritidis:

ՍԱՏՄ տեսուչները նմուշառումներ են կատարել հանրային սննդի ցանցի մասնաճյուղերում առկա պատրաստի արտադրատեսակներից և հումքից՝ ներկայացնելով դրանք լաբորատոր փորձաքննության: Միաժամանակ լվացուկներ են վերցվել սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից։ Տեղում ուսումնասիրվել է հանրային սննդի կետերի սանիտարահիգիենիկ վիճակը և հավաքվել է տեղեկատվություն օգտագործվող հումքի ծագման վերաբերյալ, իսկ երկու՝ Հյուսիսային պողոտայում և Խանջյան փողոցում գտնվող, մասնաճյուղերի գործունեությունը անմիջապես կասեցվել է։ Նոյեմբերի 5-ին, ստուգումների ընթացքում, «Տաշիր պիցցա» ՍՊԸ-ն դադարեցրել է իր բոլոր մասնաճյուղերի գործունեությունը:

Տեսչական մարմնին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված՝ մանրէաբանական ցուցանիշներով իրականացված լաբորատոր փորձարկումների արդյունքներով՝ սահմանված նորմերին չեն համապատասխանում՝

  1. թռչնի մսով պատրաստված «Կեսար» աղցանը՝ ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշով.
  2. թռչնի խաշած միսը՝ ԱՑԽՄ, սալմոնելաներ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով.
  3. Հազարը (մարոլ)՝ ԱՑԽՄ և սալմոնելաներ ցուցանիշներով.
  4. Տավարի աղացած միսը՝ լիստերիա մոնոցետեգենես ցուցանիշով:

Համադրելով ստուգումների արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը՝ ՍԱՏՄ մասնագետները ստուգումներ են սկսել նաև հանրային սննդի «Տաշիր պիցցա» ցանցում օգտագործվող մայոնեզը արտադրող («Հայր եվ որդի Ավագյաններ» ՍՊԸ) և թռչնամիս մատակարարող (Սարատովի թռչնակոմբինատ «Կուռնիկով» ՍՊԸ) ընկերություններում։

Այս ընկերություններում առկա մայոնեզից և թռչնամսից ևս կատարվել են նմուշառումներ և ներկայացվել լաբորատոր հետազոտության։

Արդյունքները կհրապարակվեն:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…