Ինչո՞ւ է Իսրայելն օգնում Ադրբեջանին hhpress

dashinq

   Իսրայել-Ադրբեջան երկկողմ հարաբերություններում ռազմական համագործակցության ուսումնասիրությունն առանձնակի կարեւոր է, քանի որ այն ուղղակիորեն կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իսրայելական արտադրության զենքի եւ զինամթերքի կիրառման հետ: Իսրայելի ռազմաքաղաքական մասնակցության գործոնն էականորեն ազդեց արցախյան վերջին պատերազմի ելքի վրա: Խոսքը հատկապես մինչ պատերազմն ու դրա ընթացքում ռազմամթերքի մատակարարման ու հետախուզական տվյալների տրամադրման գործոնին է վերաբերում: Արցախյան առաջին պատերազմում կրած պարտությունից հետո Ադրբեջանը կարիք ուներ վերազինվելու: Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների միջեւ կար համաձայնություն առ այն, որ նրանք հարձակողական բնույթի լուրջ զենքեր եւ սպառազինություն չպետք է վաճառեն հակամարտող կողմերին: Բացի այդ, հարկ է նշել նաեւ ԱՄՆ-ում հետխորհրդային պետություններին «Ազատության աջակցության ակտի» շրջանակներում տրամադրվող ռազմական օգնության փաստաթղթում հայկական լոբբիստական կազմակերպությունների ջանքերով մտցված 907-րդ բանաձեւը, որն արգելում էր որեւէ տեսակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Իրավիճակը փոխվեց 2001 թ. սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, երբ փաստացի Ադրբեջանը դարձավ տարանցիկ գոտի ԱՄՆ-ի համար՝ Աֆղանստանում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Այդ պահից սկսած՝ ամեն տարի ԱՄՆ նախագահը շրջանցել է 907-րդ բանաձեւը: Ուստի Թուրքիայից հետո երկրորդ պետությունը, որ պատրաստակամորեն հզոր հարձակողական զենք եւ զինամթերք վաճառեց Ադրբեջանին, Իսրայելն էր եւ է:                                                                  1990-ականներին Ադրբեջանի եւ Իսրայելի ռազմաքաղաքական հարաբերություններն այն որակը չունեին, որ ազդեին արցախյան հիմնահարցի ռազմական լուծման վրա: Այս երկու երկրների հարաբերություններում այլ դերակատարներ եւս ներգրավված են` ի դեմս Թուրքիայի: Հենց Անկարան հոգ տարավ, որ 2000-ականների սկզբներից իսրայելաադրբեջանական հարաբերություններն ընդունեն ռազմաքաղաքական համագործակցության ավելի բարձր մակարդակ: Վերջերս Թուրքիայի ռազմաօդային ակադեմիայի եւ Ազգային պաշտպանության ինստիտուտի դասախոս Մասուդ Հագի Ջաշինն ու Իսրայելի ներքին անվտանգության ինստիտուտի եւ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ամի Այալոնն իրենց հարցազրույցներից մեկում գրեթե նույնը հայտարարեցին` Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հաշտությունն անհնարին չէ: Հաշտություն հաստատելու մեջ առանձնահատուկ դերակատարում ունի Ադրբեջանը: Ջաշինի խոսքերով` Իսրայելն օգնում է Ադրբեջանին, քանի որ նա Իրանի բարեկամը չէ: Ուստի գործում է «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» չգրված օրենքը: Իսրայելն Ադրբեջանին մատակարարել է կամիկաձե ԱԹՍ-ներ ու գերհզոր հրթիռներ, որոնք լայնորեն կիրառվեցին 44-օրյա պատերազմի ժամանակ: Սկզբնական շրջանում Բաքվի եւ Երուսաղեմի երկկողմ հարաբերությունների խորացմանը խոչընդոտող շատ հանգամանքներ կային, օրինակ` կարող էին վատթարանալ Իրան-Ադրբեջան հարաբերությունները: Իսրայելն առաջ քայլ չէր անում, քանի որ դեռեւս չուներ իր հովանավոր ԱՄՆ-ի լուռ համաձայնությունը՝ ներքաշվելու արցախյան հիմնախնդրի մեջ: Ադրբեջանի հետ հարաբերությունների սերտացումն ակամայից նշանակում էր ոչ ուղղակի մասնակցություն արցախյան հակամարտությանը: Մյուս կողմից՝ ակնհայտորեն Ադրբեջանը լայն սպառազինություն ձեռք բերելու որոշումը պետք է համաձայնեցներ Հարավային Կովկասում առանցքային դերակատարում ունեցող Ռուսաստանի հետ: Այնուամենայնիվ, 2000-ականների վերջերից սկսած այդ երկու երկրների ռազմաքաղաքական հարաբերությունները թեւակոխեցին նոր մակարդակ: Իսրայելական մեծ ռազմարդյունաբերական ընկերություններ մասնաճյուղեր հիմնեցին Բաքվում: Ադրբեջանն Իսրայելից հիմնականում ստանում է հարձակողական ռազմամթերք: Առանձնահատուկ պետք է նշել, որ դրանց մեծ մասը գործածվել է 2016 թ. ապրիլին` քառօրյա պատերազմի ժամանակ: Ըստ որոշ հաստատված տեղեկությունների` այդ ժամանակ հիմնականում ԱԹՍ-ների կառավարման գործում ուղիղ մասնակցություն են ունեցել իսրայելցի ռազմական փորձագետները: Հենց քառօրյա պատերազմից հետո առավել ակնհայտ դարձավ Իսրայելի գործոնն ադրբեջանական ԶՈՒ-ի զարգացման գործում: Մեկ այլ կարեւոր հանգամանք կա, որը եւս պետք է նշել. բազմիցս իրանական տարբեր աղբյուրներ հաղորդել են, որ Իսրայելի հատուկ ծառայություններն Ադրբեջանի տարածքն օգտագործել են Իրանի միջուկային ծրագիրը խափանելու նպատակով: Դրա վառ ապացույցն է վերջերս տեղի ունեցած ատոմային էներգետիկայի ոլորտի առաջատար ֆիզիկոսներից մեկի` Ֆահրիզադեի սպանությունը: Հարկ է նշել, որ «Israel Aerospace Industries» ընկերությունն Ադրբեջանին վաճառեց նաեւ օպերատիվ-մարտավարական «LORA» բալիստիկ գերճշգրիտ հրթիռներ, որոնք կիրառվեցին 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում` հայկական կողմին պատճառելով զգալի կորուստներ: Ադրբեջանա-իսրայելական հարաբերություններն ավելի սերտացան 2018 թ., երբ սեպտեմբերին Բաքու այցելեց Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը: Այցը պաշտոնական էր, որի ժամանակ գրանցվեցին որոշակի ռազմական պայմանավորվածություններ: Մեկ ամիս անց Իսրայել է այցելում Ադրբեջանի ԳՇ պետը: Մի քանի ամիս անց Ադրբեջանն ստանում է գերժամանակակից հարվածային ԱԹՍ-ներ: Ամփոփելով այս տեղեկատվությունը եւ տրամաբանորեն միմյանց կապելով հանգամանքները` կարելի է մի եզրակացություն անել, որ 44-օրյա պատերազմի կարեւորագույն հատվածներն ու պայմանավորվածությունները հենց այս ժամանակահատվածում են քննարկվել ու պլանավորվել: Ադրբեջանի եւ Իսրայելի ռազմական համագործակցության սերտացումը զսպելու նպատակով 2019 թ. Հայաստանն Իսրայելում դեսպանատուն հիմնեց, սակայն, ցավոք, դա այդպես էլ որեւէ բեկումնային ազդեցություն չունեցավ անգամ 44-օրյա պատերազմի օրերին: Արցախյան 44-օրյա պատերազմում Իսրայելի գործոնն ավելի խոր ուսումնասիրության է արժանի, քանի որ մեզ հասանելի փաստերը նյութի շատ փոքր մասն են կազմում: Իսրայելական գործոնի ուսումնասիրությունը հնարավորություն կտա հասկանալ` ինչպես եւ ում թույլատվությամբ Ադրբեջանը կարողացավ սանձազերծել պատերազմ: Հաշվի առնելով պատերազմի ընթացքում Թուրքիայի ու Վրաստանի տարածքով Իսրայելից Ադրբեջան լայն քանակությամբ հարձակողական սպառազինության մատակարարումը, դերակատարների ներգրավվածությունը եւ պատերազմից հետո ձեւավորվող աշխարհաքաղաքական դիրքավորումները` կարեւոր մի փաստ կարելի է արձանագրել, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը տարբեր երկրների հետ եղել է համաձայնեցված: Ուստի այս առումով, Հայաստանի համար մարտահրավերներն արհեստականորեն շատանում են: Փաստն այն է, որ Իսրայելի եւ Ադրբեջանի ռազմաքաղաքական համագործակցության մերձեցմանը համարժեք չարձագանքեցին Հարավային Կովկասի առանցքային դերակատարներից Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ, ենթադրաբար, անհանգստության ամենամեծ առիթն ունեցող Իրանը, չնայած որ այդ բոլոր երկրներն ունեին համապատասխան լծակներ: Իսկ գուցե եղել են պայմանավորվածություննե՞ր, որոնք Արցախի եւ Հայաստանի հաշվին իրագործվեցին եւ իրագործվում են…

hpress.am

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…