«Արշակունին» հավատով ու վստահությամբ է անցնում գործի hhpress

Arshakunin

   Արցախյան 44-օրյա պատերազմում ունեցած անհաջողությունը, կորցրած տարածքները, ազգի բարոյահոգեբանական ընկճվածությունը նոր մարտահրավերների առաջ են կանգնեցրել մեր ժողովրդին։ Որոշ անհատներ, խմբեր ստեղծել են հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղված են ռազմամարզական, ազգային-գաղափարախոսական ծրագրեր իրականացնելով՝ կարեւորելով հատկապես երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությունը։ Օրերս այցելեցի Վայոց ձորի մարզ, Վայք քաղաք, որտեղ կայացավ պահեստազորի սպա Արտավազդ Վարդանյանի եւ ընկերների նախաձեռնությամբ ստեղծած «Արշակունի» ռազմամարզական հասարակական կազմակերպության կենտրոնի բացման արարողությունը։ Ներկա էին հյուրեր Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերից, Արցախյան գոյամարտի ճանաչված հրամանատարներ, զինվորականներ, հասարակական, պետական կառույցների ներկայացուցիչներ, դպրոցականներ, այլք։ Արփա գետի ձախափնյա տարածքում է ռազմամարզական կենտրոնի նորակառույց շենքը՝ ոճական գեղեցիկ տեսքով։ ՀԿ նախաձեռնող-հիմնադիր Ա. Վարդանյանը նախ ծանոթացրեց շենքի տեղանքի, պայմանների հետ։ Ասաց՝ տարածքը հատուկ է ընտրվել, քանի որ այստեղ հնարավոր է կազմակերպել ռազմամարզական պարապմունքներ։ Գետանցում, անտառային պայմաններ, բարձունքի հաղթահարում, թիրախների խոցում եւ այլն։ Բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ա. Վարդանյանն ասաց. «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխարհաքաղաքական ու անվտանգային բարդ իրավիճակը, հայ երիտասարդության ֆիզիկական, ոգեղեն ու բարոյահոգեբանական պատրաստվածության անհրաժեշտությունը՝ «Արշակունի» ռազմամարզական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է հայ երիտասարդների ֆիզիկական պատրաստվածությանը, ռազմամարզական հմտությունների ձեռքբերմանը, կատարելագործմանը, հայրենաճանաչությանը, ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանը, զանգվածային սպորտի զարգացմանը միտված նման կառույցի հիմնադրում»։ Նշեց, որ ընկերներով, հիմնականում՝ պահեստազորի ներկայացուցիչներ, հավաքվել եւ նախ որոշել ջոկատ կազմել: 2016 թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ պահեստազորի սպան մարտական ջոկատ է ղեկավարել։ Սակայն հետո նպատակահարմար են գտել ստեղծել աշխարհազորը համակարգող կազմակերպություն։ Սա հնարավորություն կտա զենքից օգտվել սովորեցնել նաեւ նրանց, ովքեր զինվորական չեն, չգիտեն այն գործածել։ Այսինքն աշխարհազորի գաղափարը՝ հասարակությանը պատրաստելը, թիվ 1 խնդիրն է դարձել ՀԿ-ի համար։ ՀԿ-ի կազմավորումից անցել է կես տարի, եւ այդ ընթացքում հասցրել են կառուցել շենքը, ձեռք բերել նյութատեխնիկական միջոցներ։ Ա. Վարդանյանը տեղեկացրեց, որ ճամբարում մարզվելու համար սաներին կդասավանդեն բարձրակարգ ու փորձառու մասնագետներ։ «Նշված նախաձեռնությամբ մենք կկարողանանք հայկական զույգ հանրապետությունների անվտանգության սպառնալիքները չեզոքացնել նաեւ ֆիզիկապես պատրաստված ու ռազմարվեստի հմտություններին տիրապետող, ազգային ու մարտական ոգով տոգորված, նպատակային ու կամային բարձր հատկանիշներ ունեցող երիտասարդության միջոցով»,- խոսքը շարունակեց Ա. Վարդանյանը։ Վայոց ձորի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վ. Խուդավերդյանը ողջունեց ազգանվեր այս նախաձեռնությունը, որն ազգ-բանակ միավորման լավ տարբերակ է, եւ պատրաստակամություն հայտնեց հնարավորության սահմաններում աջակցել կենտրոնի կայացմանն ու զարգացմանը։ Նա ընդգծեց, որ ծրագիրը մարզի բարձր դասարանների աշակերտների եւ ռազմագիտության ուսուցիչների համար նույնպես լավ հնարավորություն է` օգտվելու կենտրոնի ընձեռած բոլոր հնարավորություններից։ Ելույթներ ունեցան նաեւ զինվորականներ, Արցախյան գոյամարտի հրամանատարներ։ Կարեւորեցին «Արշակունի» ռազմամարզական ՀԿ-ի դերը՝ նշելով, որ պետք է նման բոլոր կառույցները միավորվեն, համագործակցեն միմյանց հետ, քանի որ բոլորի նպատակը մեկն է՝ տեր կանգնել հայրենիքին։ Այս առումով կարեւորվեց նաեւ այն, որ պետությունը նույնպես օժանդակի նման կառույցներին։

hhpress.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…