Դավիթ Հովհաննիսյան. «Թուրքիան հիմա շատ ավելի հանգիստ է վերաբերվում Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումներին»

Aveli hangist

 2020թ. արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ստեղծված իրողությունները հայ հանրության շրջանում Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ նոր քննարկումների  հիմք են դարձել: Դրանք հետևանք են  զուգահեռաբար ընթացող մի շարք գործընթացների, որոնք են Ադրբեջանի  հայատյաց  քաղաքականությունը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև դրանց համընթաց շարունակվող Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:

Վերոնշյալի համատեքստում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության, հայկական հանրության շրջանում թուրք-ադրբեջանական քաղաքականությունից բխող մտահոգությունների վերաբերյալ Ermenihaber.am-ը զրուցել է Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի (Turkish-Armenian reconciliation commission- TARC) անդամ, արևելագետ պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանի հետ:

Պրոֆեսորի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն այլևս քաղաքական իմաստով գործոն չէ: Նա նշել է, որ ճանաչման գործընթացի համար որևէ հեռանկար չի տեսնում հատկապես 100-ամյա տարելիցից հետո, քանի որ այն դադարել է քաղաքական գործոն լինելուց: Հովհաննիսյանն ընդգծել է, որ շարունակվող ճանաչման գործընթացը պետք է դիտարկել միայն բարոյական հարթության մեջ:

Հովհաննիսյանը, որպես ասվածի օրինակ նշելով, թե Բրիտանիայում Հայոց ցեղասպանության ճանաչմամբ բրիտանա-թուրքական կամ բրիտանա-ադրբեջանական հարաբերությունները չեն վատանա, հավելել է. «Հիմա Թուրքիան շատ ավելի հանգիստ է վերաբերվում  ու արձագանքում Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումներին, քան նախկինում, քանի որ քաղաքական հետևանք չկա»:

Նա, գնահատելով նաև հայ-թուրքական գործընթացի հնարավոր ազդեցությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա, նշել է, որ հայկական կողմն այս առումով որևէ նախապայման չի դնում, հետևաբար որևէ ազդեցություն չի կարող լինել: Նրա դիտարկմամբ՝ հայկական կողմը կարող է շատ ռոմանտիկ և մարդասիրական պատկերացումներ ունենալ, որ Թուրքիայի հասարակությունը մի օր  կգիտակցի և ինքնուրույն կհասնի ցեղասպանության ճանաչմանը:

Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական գործընթացում թեմայի հնարավոր արծարծմանը, Հովհաննիսյանը համոզված է՝ եթե բանակցությունները Թուրքիայի կողմից իմիտացիոն չեն, ապա վերջինի համար առանձնապես իմաստ չունի պատմական թեմաներն օրակարգ բերել: Նման իմաստ կարող է լինել, եթե Թուրքիան ցանկանում է ճնշումներ բանեցնել:

Անդրադառնալով արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ցեղասպան քաղաքականության շարունակման վերաբերյալ հայկական հանրային դաշտում առկա մտահոգություններին՝ Հովհաննիսյանը դրանք լիովին արդարցված է համարել:

Պրոֆեսորի դիտարկմամբ՝ Ադրբեջանի համար հայերով բնակեցված Արցախը գլխացավանք է: Հետևաբար, ցեղասպանության, էթնիկ զտումների վերաբերյալ մտահոգություններն արդարացված են, և դա մի վտանգ է, որ կախված է հայերի գլխին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…