Պաշոտնեական դիրքի չարաշահում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից. առաջադրվել է մեղադրանք

Hayantar

  ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում «Հայանտառ» ՊՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահում կատարելու հանգամանքները, որի համար քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Մասնավորապես պարզվել է, որ դեռևս 2007 թվականի օգոստոսի 17-ին երեք քաղաքացիներ 10 տարի ժամկետով անտառային հողերի վարձակալության պայմանագրեր են կնքել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ, համաձայն որի՝  հանգստի գոտի կազմակերպելու նպատակով վերջիններիս ժամանակավոր օգտագործմանն է հանձնվել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության տեղամասից որոշակի տարածք՝ տարեկան 240.000 ՀՀ դրամ վարձավճարով:

Պայմանագրերի կնքումից հետո տևական ժամանակ հիշյալ քաղաքացիները սահմանված կարգով վճարումները չեն կատարել, ինչի կապակցությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2014 թվականին քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով բռնագանձել վարձավճարները և տուգանքները: Դատարանների կողմից հայցերը բավարարվել են, և վճիռներ են կայացվել` ընդհանուր 34.114.551 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ: Սակայն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ինչպես նաև` «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և վերոգրյալ հողատարածքները վարձակալած անձանց հետ նույն կուսակցության անդամ լինելու խմբային շահերից ելնելով, չի ստորագրել դատական ակտերը կատարման ուղարկելու վերաբերյալ գրությունները, ապա պարբերաբար բանավոր ցուցում է տվել ՊՈԱԿ-ի աշխատակցին` օրինական ուժի մեջ մտած վերոնշյալ դատական ակտերը կատարման չուղարկելու վերաբերյալ:

Շուրջ երկու տարի անց ի օգուտ պետության 34.114.551 ՀՀ դրամ բռնագանձման վերաբերյալ դատական ակտերը կատարման ներկայացնելու փոխարեն ՊՈԱԿ-ի տնօրենը, առանց հիմքերի և հիմնավորման, պաշտոնեական դիրքը չարաշահելով,  2016 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 76 հրամանով, որպես հողամասերի չօգտագործման դիմաց վարձակալներին տրվող վնասի հատուցում, ամբողջությամբ չեղյալ է համարել հիշյալ վարձակալության պայմանագրերով սահմանված վարձավճարի և տուժանքի գումարները, ինչի արդյունքում պետության օրինական շահերին պատճառել է էական վնաս՝ հեղինակազրկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, և խաթարվել նրա բնականոն գործունեությունը, ինչն անզգուշությամբ առաջացրել է նաև ծանր հետևանքներ, այն է՝ պետությունը, ի դեմս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, զրկվել է 34.114.551 ՀՀ դրամ գումարը պետական բյուջե մուտքագրելու հնարավորությունից:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…