Թուրքիան համաձայնել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

NATO

  Նախօրեին Մադրիդում կայացած բանակցություններից հետո Թուրքիան համաձայնել է աջակցել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:  Մադրիդում այս օրերին ընթանում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը: 

Բանակցություններից հետո հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: 

«Ուրախ եմ տեղեկացնել, որ մենք համաձայնության հասանք: Այն  Ֆինլանդիայի և Շվեդիայի համար ճանապարհ է բացում դեպի ՆԱՏՕ։ Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան համատեղ հայտարարություն են ստորագրել, որը հաշվի է առնում Թուրքիայի շահերը ու մտահոգությունները՝ ներառյալ զենքի արտահանումը և ահաբեկչության դեմ պայքարը», — Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին հայտարարել է Ստոլտենբերգը։

Հայտարարությունը բաղկացած է 10 կետից: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև.

1.Ֆինլանդիան և Շվեդիան դատապարտում են բոլոր ահաբեկչական կազմակերպությունների կողմից Թուրքիայի դեմ իրականացված հարձակումները։

2.Ֆինլանդիան և Շվեդիան պարտավորվում են կանխել/խոչընդոտել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և բոլոր այլ «ահաբեկչական կազմակերպությունների» ու վերջիններիս հետ կապ ունեցող անձանց գործունեությունը:

3.Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը կանխելու նպատակով որոշում են կայացրել մեծացնել եռակողմ համագործակցությունը:

4. Շվեդիան ու Ֆինլանդիան, հաշվի առնելով Թուրքիայի տրամադրած տեղեկատվությունը, ապացույցները և հետախուզական տվյալները, արագացված կարգով քննության կառնեն ահաբեկչության մեջ կասկածվող անձանց արտաքսման կամ արտահանձնման  պահանջները։

5. Ֆինլանդիան և Շվեդիան հետաքննություններ կսկսեն և կարգելեն PKK-ի և նրա բոլոր «մասնաճյուղերի» դրամահավաքներն ու մարդկանց հավաքագրումը։

6 Թուրքիան վերահաստատում է  իր աջակցությունը ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը և իր աջակցությունն է հայտնում Մադրիդի գագաթնաժողովում Ֆինլանդիայի և Շվեդիային ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերին։

7. Որպես ՆԱՏՕ-ի ապագա դաշնակիցներ, Ֆինլանդիան  ու Շվեդիան չեն  աջակցելու քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (YPG, PYD- ռազմական թև) և գյուլենական համայնքին, որոնք նույնպես Թուրքիայում ահաբեկչական են համարվում: 

8. Շվեդիան հաստատում է, որ հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի ահաբեկչական հանցագործությունների մասին նոր և ավելի արդյունավետ օրենքը, իսկ  կառավարությունը  ահաբեկչության դեմ պայքարի կանոնադրությունը կհամալրի:

9. Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան հաստատում են, որ իրենց միջև այլևս չկա սեփական արտադրության զենքի մատակարարման էմբարգո։

10. Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան պարտավորվում են պայքարել ապատեղեկատվության դեմ և կանխել այդ երկրների ներքին օրենսդրության չարաշահումն ահաբեկչական կազմակերպությունների օգտին կամ առաջխաղացման, ինչպես նաև Թուրքիայի դեմ բռնությունը խրախուսող գործունեության նպատակով:

 

Ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…