Այս պահին մեր նվազագույն կենսաթոշակը 1 շնչի հաշվով գերազանցում է պարենային զամբյուղի արժեքը. Տիգրանյան

«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է օրենքի նախագիծ, համաձայն որի՝ առաջարկում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ այն պակաս չլինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 25-ի նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Առաջարկվում է նաև, որ սպառողական զամբյուղի էներգետիկ արժեքը, նրանում ներառվող սննդաթերքի կազմը, կառուցվածքը սահմանելու իրավասությունը վերապահվի ՀՀ կառավարությանը: Ընդ որում՝ որպես հաշվարկի հիմք, առաջարկվում է օրենքում կատարել փոփոխություն, ըստ որի՝ հիմքում պետք է դրվեն նախորդ տարվա 3-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով հաշվարկված պարենային և սպառողական զամբյուղի արժեքները»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրեց, որ նախագիծը քննարկվել է հանձնաժողովում և բացասական եզրակացություն ստացել այն հիմնավորմամբ, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում արդեն իսկ կա սկզբունք, որով ամրագրվում է, որ սոցիալական, կենսաթոշակային ապահովության ոլորտում պետության հիմնական սկզբունքն է կենսաապահովման նվազագույն բյուջեի չափի հետ համադրելի պետական կենսաթոշակի նվազագույն չափն ապահովելը:

«Հետևաբար կրկնաբանություն անել և անցումային դրույթներում ավելացնել մի կետ, որ 2026-ի հունվարից հետո նվազագույն և միջին թոշակը պիտի համապատասխանեն պարենային և սպառողական զամբյուղին, ըստ էության, այն է, ինչ մեր հանձնառությունն է, և մենք դա իրականացնում ենք: Ասեմ ավելին՝ օրենքում ամրագրելու անհրաժեշտություն չկա, որովհետև ընտրանքային, իշխող քաղաքական թիմից վերցնել սոցիալական բլոկի մեկ հանձնառություն և դրան տալ օրենքի ուժ, կարծում եմ՝ արդար չէ նաև մեր մյուս հանձնառությունների նկատմամբ»,- ասաց Հերիքնազ Տիգրանյանը:

Իշխող թիմի պատգամավորը նաև նկատեց՝ անկախ այն հանգամանքից, թե վերջինս օրենք կդառնա՞, թե՞ չէ, այն արդեն քաղաքական թիմի հանձնառությունն է, որն իշխող թիմը ստանձնել է 2021 թվականին, հաստատել Կառավարության ծրագրով:

«Մենք մեզ համար դրել ենք հիմնական վերջնանպատակ, որ նվազագույն կենսաթոշակը և միջին աշխատանքային կենսաթոշակը համապատասխանաբար հավասարեցնենք պարենային զամբյուղին և սպառողական զամբյուղին, ավելին՝ հավասարեցնենեք նաև պարենային ու սպառողական զամբյուղների արժեքը»,- ասաց նա:

Տիգրանյանը նաև հավելեց՝ անցած 4 տարիներին Կառավարությունը հետևողական է եղել իր ստանձնած հանձնառության մեջ, և մոտ 22 տոկոսով ավելացել են կենսաթոշակի չափերը: «Այս պահին մեր նվազագույն կենսաթոշակը 1 շնչի հաշվով գերազանցում է պարենային զամբյուղի արժեքը»,- նշեց նա:

Գործում է նաև հետվճարի համակարգը, որի շնորհիվ կենսաթոշակի բարձրացման հնարավորություն կա, ուստի ընդդիմության նախագիծը ոչինչ չի տալիս և ոչինչ չի ավելացնում:

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…