Բացառվում են դավադրությունները Լեռնային Ղարաբաղի հարցում: Այս մասին այսօր` նոյեմբերի 3-ին, «Զրույց քաղաքացու հետ։ Շահարկումներ Ղարաբաղի հարցում» վերնագրված ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սկզբում ասվում էր, որ մեր կառավարությունը եւ անձամբ ես Ղարաբաղը հանձնում ենք, հետո երբ որ ժամանակն այս լուրի անհեթեթությունն ի ցույց դրեց, շրջանառության մեջ դրվեց այն թեզը, որ քանի որ ես ներքաշված եմ Ղարաբաղի դեմ դավադրության մեջ, ըստ ամենայնի՝ պայմանավորված պատերազմով Ղարաբաղը հանձնվելու է, այս թեզը շրջանառության մեջ դրվեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Հիմա շրջանառության մեջ է դրվում մեկ այլ թեզ, որ ա՛յ, քանի որ Կառավարությունը կամ վարչապետն անձամբ չեն համաձայնվում զիջումներ անել, կամ կոպիտ ասեմ` հողերը հանձնել, նշանակում է՝ բանակցությունները մտել են փակուղի, եւ ահա սկսել են մարդկանց վախեցնել պատերազմով եւ կոնկրետ այդ թեմայով քարոզչություններ են արվում, բյուջեներ են բաց թողնվում և այլն»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում վտանգներ կան այնքան, որքան նախկինում․
«Մենք հասկանում ենք, որ, ընդհանուր առմամբ, այն իրավիճակը, որ մենք ունենք հայ-ադրբեջանական հարաբերություններում, դրանք իրենց մեջ միշտ էլ վտանգներ պարունակում են: Բայց ես ուզում եմ ասել, որ այդ վտանգներն այսօր ավելին չեն, քան եղել են, օրինակ, 3 տարի առաջ, 4 տարի առաջ եւ ընդհակառակը, եթե հիմա մոնիթորինգի ենթարկենք սահմանային լարվածության աստիճանը, կտեսնենք, որ նախորդ 1,5 տարվա ընթացքում լարվածության կտրուկ և էական անկում ունենք եւ այդ անկումը տեղի է ունեցել Դուշանբեի հայտնի քննարկումների համատեքստում, ինչը չի նշանակում, որ լարվածություն չկա: Ցավոք, լարվածությունն, ընդհանուր առմամբ, ոչ այնպիսին, ինչպիսին 3,4 կամ 5 տարի առաջ, շատ ավելի ցածր մակարդակի, բայց այդ լարվածությունը կա, շարունակվում է եւ ցավոք սրտի, այսօրվա դրությամբ էլ մենք ունենում ենք զոհեր: Սա ասում եմ նրա համար, որ ընդհանրապես ոչ մեկ չի ասում` Ղարաբաղի հարցը կարգավորել ենք եւ արդեն վերջ, տեւական խաղաղ կարգավորումը հասած է: Բայց մյուս կողմից, ես կարող եմ արձանագրել՝ որքան էլ դա տարօրինակ թվա, բանակցային գործընթացում կա դինամիկա, բավականին հետաքրքիր դինամիկա, եւ ես լավատես եմ, որ այն կշարունակվի, կզարգանա: Աշխաբադում էլ ես Ադրբեջանի նախագահի հետ զրուց եմ ունեցել, եւ որոշակի դինամիկա, որոշակի մթնոլորտ կա, փնտրելու ցանկություն կա»,-ասաց նա:
Փաշինյանը վերահաստատեց իր նախկինում արված հայտարարությունը, որ Ղարաբաղի հարցում ընդունելի տարբերակը պետք է ընդունելի լինի Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար․
«Հիմա շատ կարեւոր է արձանագրել, թե որն է մեր ռազմավարությունը Ղարաբաղի հարցում: Ես ինքս մի քանի անգամ ասել եմ, որ բացառվում են դավադրությունները Ղարաբաղի հարցում, որովհետեւ Ղարաբաղի հարցն իմ հարցը չէ, Ղարաբաղի հարցը խմբի հարց չէ, Ղարաբաղի հարցը համազգային հարց է, եւ բանակցությունները վարվում են հետեւյալ տրամաբանությամբ՝ ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ իմ հիմնական խնդիրն է բանակցային սեղանի շուրջ փնտրել եւ գտնել Հայաստանի ժողովրդի համար, հայ ժողովրդի համար ընդունելի լուծում եւ երբ որ բանակցային գործընթացում կձեւակերպվի մի այնպիսի լուծում, մի այնպիսի առաջարկ, որը ես կարող եմ համարել, որ ընդունելի կլինի, ես այդ տարբերակը կներկայացնեմ մեր ժողովրդին, դրա շուրջ մենք համազգային քննարկում կունենանք եւ որոշումները կկայացվեն համազգային ֆորմատով»,-ասաց նա` նշելով, որ ֆորմատների մասին հիմա ճիշտ չէ խոսել, «քանի որ հիմա բանակցային սեղանին չկա այնպիսի լուծում, որ ասենք՝ եկեք մտածենք՝ ինչ ենք ասում»:
