Հայտնի գործարար Արման Սարգսյանը բացահայտում է բանակում և ոստիկանությունում տեղի ունեցած ապօրինությունները

Հայտնի գործարար Արման Սարգսյանը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ՝ բացահայտելով իր ընտանիքի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացված լուրջ ապօրինությունները, որոնք սկսվել են պարտադիր զինվորական ծառայության ոլորտում և շարունակվել ոստիկանության կողմից իրականացված հետապնդումներով։ Ըստ Արման Սարգսյանի՝ իր որդին, ունենալով լուրջ սրտային հիվանդություն և բժշկական հակացուցումներ, օրենքով պարտավոր էր ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Սակայն զինկոմիսարիատում նրան բացահայտ կերպով առաջարկվել է կաշառք՝ որդուն բանակից «ազատելու» դիմաց։ Գործարարը նշել է, որ մերժել է այդ առաջարկը և պահանջել գործել բացառապես օրենքի շրջանակում։ Դրանից հետո, նրա խոսքով, որդու նկատմամբ սկսվել են ճնշումներ․ առողջական վիճակն անտեսվել է, նա շարունակաբար ներգրավվել է ֆիզիկական ծանրաբեռնվածությունների մեջ, իսկ ընտանիքի հասցեին հնչել են սպառնալիքներ։ Արման Սարգսյանը շեշտում է, որ զինկոմիսարիատի ներկայացուցիչները բացահայտ հասկացնել են տվել՝ եթե կաշառք չտրվի, որդին, անկախ առողջական վիճակից, կուղարկվի ծառայության։ Գործարարը հայտնել է, որ իր կողմից ոստիկանություն, Դատախազություն և այլ պետական մարմիններ ներկայացված պաշտոնական բողոքներից հետո իրավիճակը ոչ միայն չի կարգավորվել, այլ ավելի է սրվել։ Նրա որդին, պետական համակարգի գործողությունները քննադատելու և բողոք ներկայացնելու պատճառով, ենթարկվել է ոստիկանության կողմից հետապնդումների, ապօրինի պահման և ֆիզիկական բռնության։ «Իմ որդուն հետապնդեցին ոչ թե հանցանքի համար, այլ որովհետև մենք հրաժարվեցինք կաշառք տալ և փորձեցինք պաշտպանել մեր իրավունքները օրինական ճանապարհով», – հայտարարել է Արման Սարգսյանը։ Նա նաև նշել է, որ հետապնդումները կրում էին համակարգային բնույթ և ուղղված էին ոչ միայն որդու, այլ ամբողջ ընտանիքի դեմ՝ ներառյալ խուզարկություններ, կանչեր ոստիկանություն և հոգեբանական ճնշումներ։ Արման Սարգսյանի խոսքով՝ ստեղծված պայմաններում ընտանիքը ստիպված է եղել լքել Հայաստանը՝ իրենց կյանքի և անվտանգության պահպանման նպատակով։ Նա ընդգծել է, որ իր հայտարարությունը նպատակ ունի հանրությանը տեղեկացնել բանակում և իրավապահ համակարգում առկա կոռուպցիոն ու բռնաճնշումային մեխանիզմների մասին։ «Սա մեկ ընտանիքի պատմություն չէ․ սա համակարգի խնդիր է, որի զոհ կարող է դառնալ ցանկացած քաղաքացի, ով հրաժարվում է կաշառք տալ և համարձակվում է բողոքել», – եզրափակել է գործարարը։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…