Թրամփը մարդկանց զգուշացրել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ բողոքի ցույցերին չմասնակցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի մարդկանց զգուշացրել է Վաշինգտոնում ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ բողոքի ցույցերին չմասնակցել, հաղորդում է Reuters-ը։

«Ինչ վերաբերում է մարդկանց, որոնք ցանկանում են բողոքի ցույցեր անցկացնել, նրանց կդիմավորեն շատ մեծ ուժով», -Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը։

Իրավապահ մարմինները պատրաստվում են նրան, որ շաբաթ օրվա զորահանդեսին մասնակցելու են հարյուր հազարավոր մարդիկ, երկուշաբթի հայտարարել է Գաղտնի ծառայության հատուկ գործակալ Մեթ ՄըքՔուլը։

ՄըքՔուլը նշել է, որ իրավապահ մարմինները երկրի ամբողջ տարածքում կտեղակայեն հազարավոր գործակալների, սպաների և մասնագետների։ Հետաքննությունների դաշնային բյուրոն և քաղաքային ոստիկանությունը հայտարարել են, որ միջոցառմանն առնչվող լուրջ սպառնալիքներ չկան։ Նա հավելել է, որ այդ օրը բողոքի ակցիաների համար տրվել է առնվազն ինը թույլտվություն։

Օվալաձև աշխատասենյակում չնախատեսված ելույթի ժամանակ Թրամփը քննարկել է Լոս Անջելես 4000 Ազգային գվարդիայի զինծառայող և 700 ծովային հետևակային ուղարկելու իր որոշումը, երբ այնտեղ բողոքի ցույցեր էին սկսվել՝ ի պատասխան աշխատավայրերում դաշնային ներգաղթային իրավապահ մարմինների իրականացրած շրջայցերի։ Թրամփը պաշտպանել է հազվագյուտ քայլին դիմելու իր որոշումը և հայտարարել, որ զորքերը անհրաժեշտ էին անկարգությունները զսպելու համար, չնայած տեղական և նահանգային պաշտոնյաների՝ դրանց անհրաժեշտության վերաբերյալ առարկություններին։

Շաբաթ օրվա միջոցառումը, որը նվիրված է Թրամփի 79-ամյակին, ներառում է Ազգային առևտրի կենտրոնում բանակի ծննդյան տոնակատարություն և կավարտվի երկրի մայրաքաղաքում անցկացվելիք զորահանդեսով և նախագահի նախագահությամբ անցկացվելիք զինվորագրման արարողությամբ։

Այդ օրը համազգային բողոքի ցույցերը կազմակերպել էին «Ոչ մի թագավոր» անունըկրող խումբը։

«Նրանք անտեսեցին մեր դատարանները, արտաքսեցին ամերիկացիներին, մարդկանց հեռացրին փողոցներից, խախտեցին մեր քաղաքացիական իրավունքները և սահմանափակեցին մեր ծառայությունները, -ասված է կազմակերպության կայքում։ -Կոռուպցիան չափազանց հեռու է գնացել։ Ոչ մի գահ։ Ոչ մի թագ։ Ոչ մի թագավոր»։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Հայկ Սարգսյանի գործողությունները և դրանց սահմանները․ որտեղ է գծվում թույլատրելիի սահմանը

Սեպտեմբերի 1-ին, 2025 թվականին, Երևանում անցկացվող միջոցառման ընթացքում լրագրողները նկատել են Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանին և Էդգար Եղիկյանին՝ միասին։ Լրագրողները մոտեցել են և հարց ուղղել նրանց միջև կապի վերաբերյալ։…