«Լիանա Հարությունյանի գործով դատավորը որոշել է ինձ հեռացնել երեք անչափահաս երեխայի մոր քրեական վարույթից». Փոստանջյան

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը գրում է.

«Այսօր՝ 2025 թվականի հուլիսի 17-ին, երեկոյան ժամերին (ժամը 16:30-ից 17:00-ի սահմաններում), Լիլիթ Աղեկյանի գործով վարույթն իրականացնող քննիչ Անտոնյանը քննչական գործողություններից ընդամենը մեկ ժամ առաջ կապ է հաստատել իմ օգնականի հետ՝ հայտնելով, որ ցանկանում է խոսել ինձ հետ։

Իմ օգնականը երկու անգամ տարբեր ժամերի զրուցել է քննիչի հետ՝ տեղեկացնելով, որ տվյալ պահին որևէ կերպ չի հաջողվում կապ հաստատել ինձ հետ։ Երբ օգնականս փորձել է ճշտել զանգի պատճառը, քննիչ Անտոնյանը հայտնել է, որ պատրաստվում է այսօր ժամը 18:00-ին քննչական գործողություն իրականացնել Լիլիթ Աղեկյանի գործի շրջանակում և ցանկանում է ժամի մասին տեղեկացնել։

Քննիչն անտեսելով իմ զբաղվածությունը և առանց նախապես համաձայնեցնելու, ինքնակամ նշանակել է օրն ու ժամը՝ այդ մասին միայն վերջին պահին տեղեկացնելով։ Նա էլեկտրոնային փոստով ուղարկել է ծանուցում (դարձյալ մոտավորապես մեկ ժամ առաջ), որը տեսել է միայն իմ օգնականը, ով կրկին չի կարողացել ինձ տեղեկացնել այդ մասին։

Քննիչ Անտոնյանի նման վարքագիծը խոսում է այն մասին, որ նա նպատակ ունի Լիլիթ Աղեկյանին զրկել իր պաշտպանությունից և իրադարձությունները կազմակերպել այն կերպ, որ փաստաբանը ֆիզիկապես չկարողանա ներկա գտնվել գործողությանը։ Սա, սակայն, ունի ավելի խորքային ենթատեքստ՝ քննիչն ակնհայտորեն փորձում է ապօրինի գործելակերպով հիմքեր ստեղծել Լիլիթ Աղեկյանի նկատմամբ հերթական ապօրինի գործողությունն իրականացնել` ոմանց կողմից ակնհայտ պատվերի շրջանակներում։

Այս իրադարձությունների համադրությունից ակնհայտ է դառնում, որ քննիչ Անտոնյանը, հավանաբար իր գործընկերների հետ համատեղ, կանխամտածված կերպով կազմակերպում է քննչական գործողություններ առանց իմ մասնակցության՝ դրանով իսկ նպատակ ունենալով ինձ փաստացի հեռացնել Լիլիթ Աղեկյանի գործով նրա պաշտպան լինելուց։

Տեղեկացնում եմ, որ իմ մեկ այլ պաշտպանյալի` Լիանա Հարությունյանի գործով, դատավոր Արշակ Մաթեւոսյանը որոշել է ինձ հեռացնել երեք անչափահաս երեխայի մոր քրեական վարույթից։

Փաստորեն, դատավոր Արշակ Մաթեւոսյանի եւ Շիրակի մարզի քննչական կոմիտեի 10-րդ զինվորական բաժնի քննիչ Անտոնյանի գործողությունները` ուղղված իմ դեմ` Լիանա Հարությունյանի եւ լրագրող Լիլիթ Աղեկյանի քրեական վարույթներից ինձ հեռացնելու փաստերով, համաժամանակյա են եղել` թելադրված նույն կենտրոնից։ Դրանք նպատակ ունեն խափանելու, խանգարելու, ձախողելու իմ՝ որպես փաստաբանի, պաշտպանի մասնագիտական գործունեությունը։ Այսպիսով, բացեիբաց թիրախավորվել են ոչ միայն իմ պաշտպանյալները, այլեւ ես»։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Հայկ Սարգսյանի գործողությունները և դրանց սահմանները․ որտեղ է գծվում թույլատրելիի սահմանը

Սեպտեմբերի 1-ին, 2025 թվականին, Երևանում անցկացվող միջոցառման ընթացքում լրագրողները նկատել են Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանին և Էդգար Եղիկյանին՝ միասին։ Լրագրողները մոտեցել են և հարց ուղղել նրանց միջև կապի վերաբերյալ։…