Մակրոնը քննադատել է ՀԱՄԱՍ-ի «աղաղակող դաժանությունը». Ֆրանսիայի գերակայությունը պատանդների ազատ արձակումն է

Աղաղակող դաժանություն, անսահման անմարդկայնություն. ահա թե ինչ է մարմնավորում ՀԱՄԱՍ-ը։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Անտանելի կադրերը, որոնցում պատկերված են Գազայում պահվող իսրայելցի պատանդները, հիշեցնում են մեզ այս սարսափի մասին։ Մենք խորը հուզմունքով ենք հիշում Էվյաթար Դավիդին, Ռոմ Բրասլավսկուն, բոլոր պատանդներին, որոնք դեռ գերության մեջ են, ինչպես նաև նրանց ընտանիքներին ու սիրելիներին, որոնք 660 օրից ավելի գտնվում են դժոխքում։ Ֆրանսիայի բացարձակ գերակայությունն ու անհրաժեշտությունը բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակումն է։ Մենք շարունակում ենք անխոնջ ձգտել հասնելու այս նպատակին՝ հասնել նրանց անվերապահ ազատ արձակմանը, արագ վերականգնել հրադադարի ռեժիմը և ապահովել մարդասիրական օգնության զանգվածային առաքումը, որը դեռևս արգելափակված է Գազայի սահմաններին», — նշել է նա։

Ըստ Մակրոնի, սա բավարար չէ. այս ջանքերը պետք է ուղեկցվեն քաղաքական լուծմամբ։

«Այդպիսի լուծումը երկու պետությունների ստեղծումն է, որի դեպքում Իսրայելն ու Պաղեստինը կապրեն կողք-կողքի՝ խաղաղության մեջ։ Սա միակ հնարավոր ճանապարհն է դեպի ապագա, որտեղ արդարությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը երաշխավորված կլինեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար։

Թող որևէ երկիմաստություն չլինի. այս քաղաքական տեսլականի շրջանակներում, որին մենք հավատարիմ ենք, պահանջում ենք ՀԱՄԱՍ-ի ամբողջական ապառազմականացում, նրա լիակատար բացառումը կառավարման ցանկացած ձևից և Իսրայելի կողմից Պաղեստին պետության ճանաչումը», — եզրափակել է նա։

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։