Մեր կողմից ընդունվելու է բավականին հավակնոտ փաստաթուղթ՝ Կիգալիի կոչը. ՀՀ ԱԳ փոխնախարարի ելույթը

Կիգալիում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը ընդգծել է կանանց իրավունքների, առաջնորդության և խաղաղություն հաստատման գործընթացներում նրանց դերի խթանման հարցում Հայաստանի առաջընթացն ու հանձնառությունը՝ ներկայացնելով ազգային ձեռքբերումներն ու միջազգային նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ քայլերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնավորապես նշել է. «Տիկի՛ն նախագահ, Տիկի՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Նախևառաջ, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուանդայի Հանրապետությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։

Կանանց հարցերով 4-րդ համաշխարհային համաժողովի՝ Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի ընդունման 30-ամյակը լավ հնարավորություն է արձանագրելու առաջընթացը և քննարկելու մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները։

Պեկինի հռչակագիրը և Գործողությունների ծրագիրը շարունակում են մնալ առանցքային ուղեցույց աշխարհում կանանց և աղջիկների իրավունքների լիարժեք իրացման և հանրային կյանքի բոլոր ոլորտներում առաջխաղացման տեսանկյունից։ Ուրախալի է, որ տարիների ընթացքում դրանք լրացվել են այլ կարևոր նախաձեռնություններով, և այդ գործընթացից անմասն չի մնացել նաև մեր կազմակերպությունը։

2018 թվականին Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդունվեց Կանանց և տղամարդկանց իրավահավասարության, կանանց և աղջիկների իրավունքների և անկախության խթանմանն ուղղված ռազմավարությունը՝ վերահաստատելով այդ ուղղությամբ հանձնառությունը և միևնույն ժամանակ կարևորելով Ֆրանկոֆոնիայի կողմից թիրախային նախաձեռնությունների իրականացումը։

Կցանկանայի վերահաստատել կանանց իրավունքների պաշտպանությանն ու առաջնորդության խթանմանը Հայաստանի հանձնառությունը։ Իրականացված աշխատանքների արդյունքներում կանանց քանակական և որակական դերակատարության աճ է արձանագրվել Հայաստանի կառավարման տարբեր ոլորտներում։ Հայաստանի ներկա կառավարության կազմում նախարարների 30 տոկոսը կանայք են։ Մեր պատմության մեջ առաջին անգամ ունենք կին ՆԳՆ նախարար և գլխավոր դատախազ։ Նոր ձևավորված ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետը և մարդու իրավունքների պաշտպանը ևս կանայք են։ Տարեցտարի ավելանում է նաև ՀՀ ազգային ժողովում կին պատգամավորների քանակը՝ այս պահին կազմելով ավելի քան 36%։

Հայաստանն ակտիվորեն առաջ է մղում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգը միջազգային հարթակներում և ազգային մակարդակով։ Արդեն իսկ ավարտին ենք հասցրել «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» ՀՀ գործողությունների երրորդ ազգային ծրագրի աշխատանքները։ Ծրագիրը կրում է «Ներդրում խաղաղություն ապահովելու համաշխարհային ջանքերին» խորագիրը և վերահաստատում է խաղաղության օրակարգի կարևորությունը, այդ թվում՝ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» շրջանակում հանձնառությունների իրականացման միջոցով։

Ձե՛րդ գերազանցություններ, կանայք հանդիսանում են կարևոր դերակատարներ խաղաղության հաստատման, հակամարտությունների հետևանքների հաղթահարման, վստահության մթնոլորտի վերականգնման և հաշտեցման գործընթացներում։ Ինչպես գիտեք, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդները ստորագրեցին համատեղ հռչակագիր, իսկ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Դա նշանավորեց մեր երկրների միջև խաղաղության հաստատումը՝ վերջ դնելով երկարատև հակամարտությանը։ Այն նաև հնարավորություն ստեղծեց հետհակամարտային կարգավորման և վստահության ամրապնդման գործում հանրությունների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և կանանց կազմակերպությունների ներգրավման համար։

Խոսելով կանանց ներուժի լիարժեք իրացման մասին՝ հարկ է նշել կրթության հիմնարար իրավունքի իրացման և կարողությունների զարգացման անհրաժեշտության մասին։ Այդ առումով մեծապես արժևորում ենք Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ ստեղծված «La Francophonie avec Elles» ծրագիրը, որը կյանքի է կոչվել համաշխարհային առողջապահական ճգնաժամի պայմաններում կանանց աջակցելու համատեքստում և, ապացուցելով իր արդյունավետությունն ու արդիականությունը, շարունակվում է առ այսօր։ Ուրախ եմ, որ ստեղծումից ի վեր առաջին անգամ ծրագրի շահառու են դարձել նաև հայկական երկու հասարակական կազմակերպություններ, որոնց ներկայացրած ծրագրերը միտված են կանանց, այդ թվում՝ տեղահանված կանանց կրթությանը, վերապատրաստմանը և անհրաժեշտ հմտությունների զարգացմանը։

Ամփոփելով՝ կցանկանայի ուրախությամբ արձանագրել, որ մեր կողմից ընդունվելու է բավականին հավակնոտ փաստաթուղթ՝ Կիգալիի կոչը, որը մեզ նաև պարտավորեցնում է կրկնապատկել անհատական և համատեղ ջանքերն այն շոշափելի արդյունքների վերածելու նպատակով։ Շնորհակալություն»։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Խստագույնս դատապարտում ենք որոշ եկեղեցականների որդեգրած կանոնազանց և պառակտիչ մոտեցումները. Ռուսաստանի հայոց թեմ

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմն անդրադարձել էեկեղեցու շուրջ վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներին։ «Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևորականները, բացառությամբ Մոսկվայի Սբ. Պայծառակերպություն եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Հակոբ քհն.…