Ընտրությունը միայն քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու պահը չէ։ Ընտրությունն սկսվում է շատ ավելի վաղ՝ այն ժամանակ, երբ քաղաքական ուժերը կարողանում են ազատորեն կազմակերպվել, խոսել, հանդիպել մարդկանց և մրցել իշխանության հետ։ Բայց ի՞նչ ընտրության մասին կարող ենք խոսել, եթե ընդդիմադիրների շուրջ ամիսներ շարունակ ձևավորվում է վախի մթնոլորտ։ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ «Հայրենիք» կուսակցությունը պատրաստվում է սեփական թիմով մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Դրանից հետո սկսվեցին ձերբակալություններ, խուզարկություններ և ճնշումներ նրա շրջապատի նկատմամբ։ 2026 թվականի փետրվարի 26-ին կուսակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրություններին։ Այդ որոշումն ինձ համար քաղաքական պարտությունից ավելի ծանր էր։ Այն հիշեցրեց, թե ինչպես էին ժամանակին ինձ ստիպում հրաժարվել կուսակցությունից։ Մեթոդները կարող են տարբեր լինել, բայց նպատակը նույնն է՝ ընդդիմադիր մարդուն կամ ուժին հեռացնել քաղաքական պայքարից։ Իմ համոզմամբ՝ իշխանությունը վարչական և իրավապահ ռեսուրսներով այնպիսի ճնշում ստեղծեց, որ «Հայրենիքը» ստիպված եղավ հրաժարվել մասնակցությունից։ Եթե ընդդիմադիր ուժը ընտրություններից առաջ կանգնում է ձերբակալությունների և քրեական գործերի առաջ, ապա քաղաքացին այլևս լիարժեք ընտրություն չունի։ Ժողովրդավարությունը միայն այն չէ, որ ընտրության օրը տեղամասերը բաց են։ Ժողովրդավարությունն այն է, երբ իշխանությունը չի որոշում, թե իր հակառակորդներից ով կարող է հասնել քվեաթերթիկին։ Եթե քաղաքական մրցակցին հեռացնում են նախքան ընտրությունը, ապա ընտրության արդյունքը գուցե օրինական ձև ունենա, բայց այն չի արտահայտի ժողովրդի ազատ կամքը։
Մարիամ Խուդոյան
