Երկար տարիներ ատոմակայանից ավելի շատ վերցրել են, քան տվել. վարչապետ

atom

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց Հայկական ատոմակայանի վերանորոգման՝ ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ կնքված վարկային պայմանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին:

«Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 2014 և 2015 թվականներին կնքվել են 270 մլն դոլարի վարկային և 30 մլն դոլարի դրամաշնորհային համաձայնագրեր:

«Արդեն 2018-ի դեկտեմբերից վարկի երկարաձգման համար սկսվել են բանակցություններ: Նախ մենք ժամկետի երկարացման խնդիր ունենք, քանի որ հնարավոր չի եղել ծախսել առկա վարկային գումարը: Այս պահի մնացորդը 107 մլն դոլար է: Սակայն աշխատանքները ամբողջությամբ ավարտելու համար մենք նպատակահարմար ենք համարում Հայաստանի սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել»,- ասաց  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Ըստ նրա, նախատեսվում է 2020-2022 թթ. ընթացքում բյուջեից տրամադրել 62,3 մլրդ դրամի գումարի չափով բյուջետային վարկ:

«Այս նպատակով կստեղծվի միջգերատեսչական մրցութային հանձնաժողով: Սա շատ կարևոր է հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերանորոգումը պատշաճ ժամանակին ավարտելու համար»,- վստահեցրեց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ մինչեւ այժմ գոյություն ունեցած վարկը իր չափերով և պայմաններով այնքան էլ հարմար չի ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար: «Մենք հրաժարվում ենք այդ վարկի մի մասից և դրա փոխարեն ներգրավում ենք ներքին աղբյուրներից միջոցներ, որն աներկբա շատ ավելի լավ պայմաններով է ներգրավելու և ավելի է մեծացնելու կառավարության լծակները այդ վարկի օգտագործման արդյունավետության մակարդակը բարձրացնելու առումով: Նախկինում որոշակի սահմանափակումներ ունեինք, այդ թվում՝ գնումների մասով, թե ումից է պետք գնումներ իրականացնել, ինչպես է պետք իրականացնել: Այս պարագայում մենք կարողանում ենք գնումների գործընթացն ամբողջությամբ դնել շուկայական տրամաբանության մեջ և շուկայից ձեռք բերել ապրանքներ մրցակցային սկզբունքով: Այս պարագայում ապրանքների գները կլինեն ավելի ցածր, հույս ունենք, որ որակով առնվազն չեն զիջի նախկին պայմաններով ձեռք բերածին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ երկար տարիներ ԱԷԿ-ը եղել է մի օբյեկտ, որից ավելի շատ վերցրել են, քան տվել. «Մենք կոնկրետ խնդիր ունենք ատոմակայանի արդյունավետությունը բարձրացնելու, որը ոչ միայն կառավարման, այլև էներգետիկ անվտանգության խնդիր է: Հստակ խնդիրը ձևակերպված է նախարարի առաջ, որը պետք է հստակ կատարվի»:

Հեղինակ`Արման Գալոյան

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…